Լևոն Ադյան «ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ»

Լևոն Ադյան «ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ»
1. ՊԱՏՐԱՆՔ
Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…

Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն… Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով…

Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ… Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն…

Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից- սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…

…Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ…

2. ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ

Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու երկիր կապելով իրար…

Օրը հանգչում է՝ տառապանքներից, տվայտանքներից, ասված ու չասված ունայն խոսքերից լրիվ հոգնաբեկ…

Եվ հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում… Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում, լոկ ծղրիդներն են երգում անձանձիր…

Սարերի վրա , բարձր երկնքի անծիր կապույտում ,աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու , իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին… Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:

3. ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես- պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող…

Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող…

Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ…

Հեռու- հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու , անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության ,ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում…

4. ՎԵՐՀՈւՇ

Կըղնաղաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը , արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան…

Չքնաղ երկիրն իմ, իմ Ղարաբաղը, լեռներից անդին՝ էն հեռո՜ւ-հեռու արևի խաղը, ցոլքը արևի՝ բարձրաբոց խարույկ, գետի խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն շողը շենշող , արտույտի անուշ արտորումն արտում , խրխինջը ձիու, ամառվա տապում՝ մեղվի գվվոցն ու սոխակի տաղը՝ հոգիս այրելով մի ուրիշ աշխարհ այսօր ինձ տարան…

Գյուղն իմ հայրենի, տունն իմ հայրական, մեր ավեր բաղը, կալերն ամայի, անտերուչ, լքյալ մորս շիրիմը՝ իմ սրտի դաղը, մարդկանց ձայները՝ թաղից այն թաղը, մեր աղջիկների զնգուն ծիծաղը՝ աղբյուրի մոտից , մանկութ օրերի մեր անհոգ խաղը՝ դավին անսովոր, ցավին անընտել , այսօր վերստին իմ միտը ընկան…

5. ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…

Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ- չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան , որին գնամ ընդդեմ…

Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…

Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…

6. ԵՍ ԵՎ ՆԱ

Փողոցով անցնում էր զառամյալ մի մարդ: Հազիվ էր շարժվում՝ ոտքը դանդաղուն, ծանր փոխելով: Մի պահ մտախոհ նայեցի հեռվից ու սարսափ պատեց ինձ միանգամից.. .Ես մտածեցի. չէ՞ որ կգա և գարունն իմ վերջին և այնտեղ, ուր որ հուրհրատում էր կրակը վառման իմ ջահելության՝ մոխիր կլինի լոկ, ախ, մոխիր միայն…

Տարիներ անցան, ժամանակ անցավ, ես, աստվածածին իր գեղեկցությամբ ու աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած, որդի կորցրի, մեն մի օրվա մեջ լրիվ ճերմակած՝ չհասկացա էլ , թե ոնց ծերացա.. .Լուռ քայլում էի ծերունական իմ գայթուն քայլերով, զգացի մեկի հայացքը վրաս ու ետ շրջվեցի. ջահել մի տղա՝ սիրուն պատանյակ, մտախոհ կանգնած, նայում էր հեռվից…

7. ՊԱՏՎԻՐԱՆ

Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր- ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային՝ ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան:

Մայրս… մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց… մայրս չկար: Նա հող էր դարձել , և որպես ծաղիկ, որպես մի կակաչ՝ ինքը ալ կարմիր, սակայն, սիրտը սև, լուռ օրորվում էր մեղմիվ հովի հետ. նա լաց էր լինում իր որդու համար:

Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր… Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ՝ ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն՝ հարափոփոխ, սերն՝ հրաթրթիռ ու լուսափթիթ, դրանից վսեմ լուսեղեն հեքիաթ աշխարհում չկա, սիրիր, քանի կաս, սիրիր մշտատև, քանի ապրում ես այս արևի տակ, կյանք չկա առանց ըղձալի սիրո հրավառության. սա է պատգամը ունա՜յն, ախ, ունայն, այս ունա՜ յն կյանքի…

Սանկտ — Պետերբուրգ

комментария 3

  1. Боже мой, какая поэзия в этой прозе! Как певучи эти строки! Спасибо за открытие! Где можно прочитать его стихотворения в прозе?

Оставьте комментарий