Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Հայտարարությունը

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հրավերով՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մկրտչյանը (Մհերյան) սույն թվականի Սեպտեմբերի 19-ին մեկնելու է Ֆրանսիա։ Մարսել եւ Փարիզ քաղաքներում կայանալիք միջոցառումներում Մկրտչյանը կներկայացնի իր հեղինակած «Եդեմի պարտեզը» պատմափաստագրական ֆիլմը եւ «Մենավոր Բազեն» պատմավեպի հիման վրա գրված համանուն սցենարը:Միջոցառումը կայանալու է Սեպտեմբերի 23-ին:

ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ

(Ֆիլմի սցենարի համառոտ նկարագրությունը և նպատակը)

Սցենարում գործողությունները ծավալվում են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում, սկսած 1880 — ական թվականներից:

Այստեղ նկարագրվում են մի քանի հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջև տեղի ունեցած բախումները. դավադրություններ, վրեժխնդրություն` ուղեկցված սիրային, հերոսական ու հուզական տեսարաններով:

Ներկայացվում է, թե ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գավառի վրա 1895թ. Սասունի ապստամբությունն ու ջարդը, և 1908թ. սուլթան Աբդուլ Համիդի ընդունած սահմանադրությունը:

Սցենարն ավարտվում է 1915թ. Մեծ եղեռնով. նկարագրվում է, թե ինչպես ֆիլմի գլխավոր հերոսի` Դավթի ու նրա ընկերների կազմակերպած հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ գավառի 26.000 հայությունից փրկվում են 3.000 — ը:

Նպատակն է.

• Ներկայացնել պատմական բնօրրանում ապրած հայերի ավանդություններից ու սովորություններից որոշ դրվագներ (թաղում, հարսանիք, ատամհատիկ, տարազ և այլն):

• Լուսաբանել պատմական դերակատարություն ունեցած հայորդիների անուններն ու գործերը, որոնք բարոյականության, քաջության ու հայրենասիրության վառ արտահայտություն են, ուստի կարող են ուսուցողական նշանակություն ունենալ երիտասարդության համար:

• Արթնացնել կամ սթափ պահել Արևմտյան Հայաստանի մասին սերունդների պատմական հիշողությունը:

• Աշխարհին ցույց տալ, որ 1915թ. ողբերգական օրերին հայ ժողովուրդը ունեցել է նաև հերոսական պատումներ, բազեական ընդվզումներ, ճախրանքներ և հաղթանակներ:

• Իրականացնել պատմաճանաչողական քարոզչություն, որն օգտակար ներդրում կհանդիսանա Հայկական հարցի համար աշխարհում մղվող պայքարում:

‹‹Մենավոր բազեն›› ֆիլմի սցենարի հեղինակ,

‹‹Խնուս›› մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյան

Оставьте комментарий