Ենովք Լազեան (Աուկսպուրկ, Գերմանիա) — ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՅՎԱԶԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱԽԱԼՑԽԱՑԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆԻ ՀԵՏ

Ե.Լ.  —  Պարոն Այվազեան, կը հաճի՞ք երկու խօսք ըսել ձեր մասին:

Է.Ա. — 2002-ին եղել եմ Ախալցխայի Հայկական Ազգային Հասարակական միութեան երիտասարդական բաժնի պատասխանատու: 2006-ի աշնանը 5 ընկերներով հիմնադրել ենք Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնը, որտեղ եւ աշխատում եմ որպէս մանկավարժ: 2007-ին եղել եմ Զ. Զօրեանի անուան երիտասարդական միութեան Ախալցխայի մասնաճիւղի պատասխանատու: Նոյն թուականի կարճ ժամանակաընթացքով աշխատել եմ որպէս A-info  լրատուական գործակալութեան լրագրող: 2007-ի դեկտեմբերից հիմնադրել եւ ղեկավարում եմ http://www.akhaltskha.net  Ախալցխայի տեղեկատուական կայքը:

Ե.Լ.  — Քանի մը ամիս առաջ երկու ջաւախեցի ձերբակալուած են՝ յօգուտ Ռուսիոյ լրտեսութեան մեղադրանքով:

Է.Ա. —  Ջաւախքահայերից լրտեսութեան համար երկու տարի առաջ էին ձերբակալուել հայեր, բայց նրանք հիմա ազատութեան մէջ են: Ես նոր դէպքը Ջաւախքի ու ջաւախքահայերի հետ բացարձակ ոչ մի կապ չունի, ուղղակի կամ շփոթմամբ, կամ էլ դիտմամբ Թիֆլիսի լրատուամիջոցները ձերբակալուածներից մէկին կապել են Ջաւախքի հետ…

Ե.Լ.  — Լեզուի մասին Վրաստանի օրէնքը ինչպէ՞ս կ’ազդէ Ախալցխացի հայուն կեանքին վրայ:

Է.Ա. — Ինչ կը վերաբերուի լեզուին ապա կարող եմ ասել, որ իրօք Ախալցխայի հայերը բաւականին լաւ են տիրապետում վրացերէնին: Ախալքալաքում մի քիչ այլ է իրավիճակը:

Ե.Լ.  —  Միայն մէ՞կ  հայկական դպրոց կայ քաղաքին մէջ: Քանի՞ աշակերտ ունի:

Է.Ա. — Քաղաքում կայ մէկ՝ Յովհաննէս Թումանեանի անուան հայկական դպրոց, որը ներկայումս ունի մօտ 600 աշակերտ: Քաղաքին կից մի բնակավայր եւս կայ որ ժողովուրդը կոչում է «տավառնի”, որտեղ եւս հայկական դպրոց ունենք մօտ 50 աշակերտով: Դպրոցում ներկայումս գործում է նաեւ վրացական բաժին տեղի վրացիների եւ նոր հաստատուած փոքրաթիւ թուրք մեսխերի համայնքի համար: Ախալցխայի հայկական գիւղերում եւս ունենք հայկական դպրոցներ տարրական, միջին եւ ամբողջական: Քանի որ գիւղերը իրար մօտ են գտնւում, յաճախ աշակերտները աւարտելով իրենց գիւղի 9 դասարանները  տեղափոխւում են  կողքի գիւղերը, որպէս զի դպրոցի իրենց ուսումը շարունակեն:

Ե.Լ.  —  Հայերուն մե՞ծ մասը հայկական դպրոցը կը յաճախէ, թէ՞ օտար դպրոցները կը նախընտրէ, մանաւանդ ռուսականը:

Է.Ա. —  Չէի ասի, որ ռուսաց դպրոցին մեծ նախապատուութիւն են տալիս. միայն նախկինում էր այդպէս: Օրինակ այս տարի ռուսաց դպրոց առաջին դասարան է գնացել մի քանի հայ աշակերտ: Նոյն ռուսաց դպրոցում ցանկացողներին դասաւանդում են նաեւ հայերէնը, բայց ռուսաց դպրոցի հայ աշակերտների գերակշիռ մասը հայերէն է սովորում յաճախելով Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը: Քաղաքում երկու-երեք հոգի էլ իրենց զաւակներին վրացական դպրոց են տուել:

Աւելի մտահոգիչ է հարցը կողքի Աբասթուման քաղաքում, որտեղ հայերի թուի կտրուկ նուազման պատճառով փակման վտանգի տակ է յայտնուել դպրոցի փոքրիկ հայկական խմբակը:

Տեղացի հայերը բողոքում են, որ այնտեղի դպրոցի տնօրինութիւնը ամէն ինչ անում է, որպէս զի հայերը իրենց զաւակներին տան վրացական բաժին, եւ դպրոցի հայկական խմբակը փակուի: Մի քանի տարի առաջ մեր երիտասարդական կենտրոնի ու Շառլ Ազնաւուր բարեգործական կազմակերպութեան ջանքերով այդ դպրոցը չփակուեց, սակայն հիմա փակմուելու վտանգը կրկին ծառացել է: Իմ կարծիքով եթէ կարողանանք աջակցել այդ դպրոցին, ապա նրանք չեն յամարձակուի փակել հայկական խմբակը:

Ախալցխայի դպրոցում հայերէնի դասաժամերն են կրճատուել որոշ չափով, եւ հիմա դա է մտահոգում մեզ: Հայերէնի նախկին ութ դասաժամից  շաբաթական հիմա պարապում են չորս այն էլ երկուսը դպրոցը ինքն է աւելացրել: Այսինքն Կրթութեան Նախարարութիւնը հայերէնի երկու դասաժամ է յատկացրել շաբաբական եւ երկու դասաժամ էլ դպրոցի նախաձեռնութեամբ է աւելացուել:

Ե.Լ.  —  Ըսիք որ հայերէնը ուրեմն չորս պահ կը դասաւանդուի, երկուքը պաշտօնապէս, միւս երկուքն ալ անպաշտօն: Իսկ վրացերէ՞նը շաբթական քանի պահ կը դասաւանդուի: Անգլերէ՞նը: Ռուսերէնը կա՞յ արդեօք:

Է.Ա. — Պաշտօնապէս դասաւանդւում է 2-ից 3 դասաժամ հայերէն, մնացած 1 կամ առաւելագոյնս 2 դասաժամ էլ դպրոցները կարող են աւելացնել: Օրինակ մեր դպրոցում 4-ից 5 դասաժամ են դասավանդում հայերէն: Դա դպրոցի տնօրինութեանը թոյլ է տալիս օրէնքը: Անցեալ տարի 7-ից 8 ժամ էին շաբաթական հայերէնի դասերը հիմա 4-ից 5 շաբաթական: Վրացերէնը նախկինում 4 դասաժամ էր, հիմա 5-ից 6:

Օտար լեզուներից տեղեակ չեմ, բայց անգլերէնին եւս մեծ ուշադրութիւն է դարձւում:

Ե.Լ.  — Ախալցխայի մէջ հայկական կազմակերպութիւններ կա՞ն:

Է.Ա. — Երեւի ձեզ ներկայցնեմ տեղեկութիւն թէ ինչ հայկական կազմակերպութիւներ գրանցուած են եւ դրանցից որոնք են իրականում գործում: Թղթի վրայ կազմակերպութիւններ շատ կան, բայց գործում է միայն Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը:

Մի կազմակեպութիւն էլ կայ Շառլ Ազնաւուր բարեգործական միութիւնը, որը սակայն ներկայումս   միջոցներից զուրկ է եւ չի գործում: Այդ կազմակերպութեան գոյութեան մասին երեւի ինքը Ազնավուրն էլ չգիտէ: Մինչդեռ այդ կազմակերպութիւնն է եղել մեր անդրանիկը ու գործել շատ արդյունաւէտ:

Ե.Լ.  —  Ախալցխայի ռուսական դպրոցին ծրագիրը Թիֆլիսի՞ կողմէ հաստատուած է: Գործածուած դասագիրքերը ո՞ւր կը տպուին:

Է.Ա. — Նախ ասեմ որ վրացիները թշնամանք չունեն ռուսների կամ ռուսաց լեզուի հանդէպ եւ քաղաքականութիւնը չեն խառնում կրթութեանը եւ մշակոյթին: Ռուսաց դպրոցները ինչպէս նախկինում, այդպէս էլ հիմա պահւում են պետութեան հաշուին եւ բնականաբար պետութիւնն ինքն է ապահովում նրանց դասագրքերը եւ ծրագրերը:

Ե.Լ.  —  Ռուսական դպրոցը աւարտած հայը որչափո՞վ կը տիրապետէ հայերէնին: Հայերէնը գոնէ իբրեւ ընտանիքի լեզու կը մնա՞յ այդ պարագային:

Է.Ա. —  Ներկայիս ռուսաց դպրոց աւարտողներից կէսից աւելին գիտեն հայերէն կարդալ եւ գրել: Հայերը Ախալցխայում իրենց ընտանիքների մէջ խօսում են միայն ու միայն հայերէն, չնայած մեր բարբառի մէջ կան թուրքերէն եւ ռուսերէն բառեր:

Ե.Լ.  —  Հայկական դպրոցին հայերէն դասագիրքերը տեղւո՞յն վրայ լոյս տեսած են, թէ՞ Երեւանէն կը բերուին:

Է.Ա. —  Նախկինում Երեւանից էին բերում, հիմա այդ բանը արգելուել է: Վրաստանը ինքն է տպագրում հայկական դպրոցի համար դասագրքեր: Թիֆլիսում տպագրուած հայկական դասագրքերի մէջ կարելի է նկատել բազմաթիւ սխալները, օրինակ կողքի վրայ Մաթեմատիկայի փոխարէն հայերէն տառերով գրուած է «Մակեմակիկա” էլ չասեմ դասագրքերի էջերում տեղ գտած սխալների մասին: Ասում են որ վերջերս պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Հայաստանի ու Վրաստանի միջեւ, որ Երեւանից ժամանած մասնագէտները ստուգեն մեր դասագրքերը:

Ե.Լ.  —  Հայերէն պարբերական կա՞յ Ախալցխա: Իսկ ձայնասփիւռի հաղորդո՞ւմ: Հայաստանի հեռատեսիլը կրնա՞յ դիտուիլ ձեր կողմերը: Ո՞ր երկրին հեռատելիլի հաղորդումները կը դիտեն. Ռուսիո՞յ, Թուրքիո՞յ, Վրաստանի՞: Ի՞նչ լրագիր կը կարդան մարդիկ մեծաւ մասամբ:

Է.Ա. —  Թուարկածից Ախալցխայում ոչինչ չունենք, ժողովուրդն էլ արբանեակի միջոցով դիտում է առաւելապէս Հայաստանի ու Ռուսաստանի ալիքները:

Ախալքալաքում կայ հայկական հեռուստատեսութիւն, որը չի հասնում Ախալցխա, իսկ ձայնասփիւռի հաղորդումից տեղեակ չեմ: Հայաստանից մամուլ սահման անցկացնելը բաւականին դժուար խնդիր է: Մէկ տարի առաջ փակուեց Ախալքալաքում տպագրուող «Ակունք” ամսաթերթը, որը մինչ օրս չի յաջողւում գրանցել: Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում տպագրուում է հիմնականում «Հարաւային Դարպաս” շաբաթաթերթը վրացերէն եւ հայերէն, որը բացարձակապէս չի անդրադառնում հայերին յուզող խնդիրներին:

Ժողովուրդը ներկայումս սկսել է լայնօրէն օգտուել համացանցից եւ ահա այստեղ մեր կայքի միջոցով ենք փորձում օգտակար լինել մեր ժողովրդին: Հարկ է նաեւ նշել, որ http://akhaltskha.net/-ը  միակ հայկական գործող լրատուական կայքէջն է ինչպէս Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում այնպէս էլ երեւի ամբողջ Վրաստանում: Այն գործում է հայերէն, ռուսերէն, վրացերէն եւ անգլերէն, սակայն ներկայումս հայերէն բաժինն է առաւելապէս լաւ գործում: Այսօր ուզում ենք գտնել հովանաւորների, որպէս զի մի քանի լրագրողի գործի ընդունենք եւ անաչառ տեղեկութիւններ կարողանանք հաղորդել օր օրին ամբողջ տարածաշրջանից, ինչ որ խիստ անհրաժեշտ է: Եթէ կարողանանք հովանաւորներ գտնել եւ եթէ այլ խոչընդոտների չհանդիպենք ապա կարծում եմ կարելի է յետագայում մտածել նաեւ տպագիր թերթի մասին, ինչ որ վերջապէս շատ կարեւոր է:

Ե.Լ.  —  Թուրքիոյ հետ Վրաստանի բաց սահմանը ի՞նչպէս կ’ազդէ տեղացիներուն կեանքին վրայ: Առուտուրը աշխո՞յժ է: Սահմանէն անդին գործի փնտռտուքը խնդրոյ առարկա՞յ է: Տեղական գործերը կը տուժե՞ն սահմանին վրայէն բերուող աժան ապրանքներէն:

Է.Ա. — Սահմանի բաց լինելը միայն ու միայն աշխուժութիւն է հաղորդում ամբողջ տարածաշրջանին: Շատերն են Թուրքիա գնալով այնտեղից ապրանք բերում ու վաճառում: Ախալցխան միշտ էլ եղել է նաեւ առեւտրակաների քաղաք, որը նախկինում թուրքերը կատակով անուանել են «քիւչիւք Ստանպուլ”, այսինքն փոքրիկ Պոլիս:

Ե.Լ.  —  Տեղացի վրացիները կը գաղթե՞ն Ախալցխայէն՝ նիւթական վիճակնին բարելաւելու համար:

Է.Ա. —  Չէի ասի, որ գաղթում են ընդհակառակն, ամէն օր նոր տներ ու շէնքեր են կառուցւում, նոր խանութներ ու տարբեր գրասենեակներ: Նրանց երիտասարդութիւնը գիւղերից քաղաք է փոխադրւում՝ մեզ մօտ:

Ե.Լ.  —  Ֆրանսայի մէջ կը գործէ Ֆրանսա-Ջաւախք կազմակերպութիւնը: Տեղեա՞կ էք անոր գոյութեան, կապ հաստատա՞ծ էք հետը:

Է.Ա. —  Ցաւօք սրտի տեղեակ չենք, միայն գիտենք, որ ֆրանսահայերը մի քանի անգամ բողոքի են դուրս եկել պաշտպանելով Ջաւախքահայութեան իրաւունքները:

Ասեմ, որ մենք արեւմտեան սփիւռքից մեծ ակնկալիքներ ունենք: Ներկայիս Հայաստանի իշխանութիւնները իրենց իսկ յայտարարութիւններից դատելով մտադիր չեն ջաւախահայերի խնդիրներով զբաղուելու: Մեր միակ յոյսը մնում է արեւմտեան եւ միջինարեւելեան սփիւռքը իր հզօր ու կազմակերպուած համայնքներով ու բանիմաց մասնագէտներով: Արեւմտեան սփիւռքը մեզ կարող է օգնել ինչպէս մեր իրաւունքների պաշտպանման ոլորտում, այնպես էլ կարող է ներդրումներ անել այս փոքրիկ տարածաշրջանում: Ի վերջոյ Վրաստանի օրէնսդրութիւնը լաւ հնարավորութիւններ է տալիս երկրում ներդրումներ կատարելու համար: Կարծում եմ, որ բոլոր կողմերը պէտք է օգտուեն այդ հնարաւորութիւնից:

Ե.Լ.  — Պիտի շարունակուի՞ մեսխէթցի թուրքերուն գաղթը դէպի տարածքաշրջան: Հայերուն համար ի՞նչ հետեւանքներ կրնայ բերել ան:

Է.Ա. — մեսխէթցի թուրքերի հոսքը դէպի մեր տարածաշրջան վերջին տարիների ընթացքում սկսել է զգալի աւելանալ, սակայն դեռեւս մեծ չափերի չի հասնում: Ներկայումս մօտ մի քանի տասնեակ ընտանիք են հաստատուել Ախալցխայում: Սովորաբար նրանք նախընտրում են քաղաքամերձ վայրերը ուր հողակտորներ կան, ինչ որ թոյլ է տալիս զբաղուել գիւղատնտեսութեամբ:

Հայերը բացարձակ թշնամնքով չէ, որ նայում են մեսխէթցի թուրքերին: Ոմանք անգամ բնականոն ընկերական ու հարեւանական յարաբերութիւններ ունեն հետները: Սակայն չթաքցնենք որ հայերի մէջ նկատւում է մտավախութիւնը: Գրեթէ բոլորը քաջ գիտեն թէ ինչպէս մօտ անցեալում, 1918-ին Թուրքիան վայելելով մեսխէթցի թուրքերի աջակցութիւնը փորձում էր զէնքի ուժով տիրանալ ամբողջ տարածաշրջանին: Այդ ժամանակաշրջանում հայերի ու վրացիների համատեղ դիմադրութեան շնորհիւ միայն յաջողուեց պաշտպանել Ախալցխան թուրքերից: Մեր ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակներից այսօր  գրեթէ ոչինչ չի փոխուել: Կարծում եմ թուրքական գործօնի աճող ամրացումը տարածաշրջանում կարող է ճակատագրական դեր խաղալ Վրաստանի ու Հայաստանի համար:

Ե.Լ.  — Վրաստանի մտադրութիւնը ի՞նչ է այդ գաղթը արտօնելով. վրացացնե՞լ կը փափաքի զանոնք, թէ՞ իբրեւ թուրք պահել եւ հայերուն դիմաց իբրեւ հակակշիռ գործածել:

Է.Ա. — Վրաստանը միջազգային հանրութեան առջեւ ուղղակի իր վրայ պարտաւորութիւն է վերցրել մեսխէթցի թուրքերին թոյլ տալու վերաբնակուել Սամցխէ-Ջաւախք տարածաշրջան: Վրաց հասարակութիւնը կարելի է ասել իր կարծիքների մէջ բաժանւում է երկու մասի: Ոմանք համարում են նրանց մահմեդականութիւն ընդունած վրացիներ, իսկ ոմանք էլ որպէս թուրքեր:

Ե.Լ.  — Վրաստանի խորհրդարանի մէջ հայ երեսփոխաններ կան: Արդիւնաւէտ է անոնց աշխատանքը: Կը հասցնե՞ն հայութիւնը մտահոգող խնդիրները առ որ անկ է: Կապ կը պահէ՞ք անոնց հետ:

Է.Ա. — Խորհրդարանի մէջ ունենք հայազգի մի քանի պատգամաւոր, սակայն ճիշտն ասաց նրանց գործունէութիւնից տեղեակ չենք եւ կապեր էլ նոյնպես չունենք նրանց հետ: Համոզուած եմ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը եւս տեղեակ չէ նրանց գործունէութեանը: Գիտենք միայն, որ մի քանի տարի առաջ ապրիլ 24-ին Վրաստանի խորհրդարանում հայազգի երեսփոխանները կոչ էին արել իրենց գործընկերներին մէկ րոպէ լռութեամբ յարգել հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Միայն այդ տեսակի շահ պաշտպանելն ենք լսած:

Ե.Լ.  — Ի՞նչ արդիւնաբերութիւն կայ Ախալցխայի մէջ: Արեւմուտքի հայը ինչի՞ մէջ կրնայ ներդնել: Ի՞նչ գործ կրնայ հաստատել ամերիկահայ մը կամ եւրոպահայ մը: Ազա՞տ է առուտուրը Վրաստանի մէջ:

Է.Ա. — Ախալցխան ինչպէս նաեւ Ախալքալաքը դեռեւս մեծ արդիւնաբերութիւն չունի, չնայած որ, եթէ վերցնենք այս տարածաշրջանում գոյացող կաթնամթերքը ապա այն ճիշդ արդյունաբերութեան շնորհիւ կարող է ապահովել Վրաստանի ու Հայաստանին ամբողջ շուկան: Օրինակի համար պէտք է ասեմ այն, որ Խորհրդային Միութեան գոյութեան վերջին տարիներին Ախալցխայում կառուցուեց այնպիսի կաթնամթերքի գործարան, որը եզակիներից էր ամբողջ Միութեան տարածքում: Ցաւօք սրտի յետխորհրդային տակնուվրայ առաջին տարիներին գործարանը գրեթէ ամբողջութեամբ աւերուեց: Ախալցխայում ներկայումս կան մանր-մունր գործարարներ, որոնք արտադրում են  պտղահիւթ, գարեջուր, թխուածք եւ կաթնամթերք, սակայն դրանք արտահանելու համար Վրաստանի այլ տարածքներ կամ դրսի շուկաներ խիստ անբաւարար են ու անմրցունակ: Արեւմուտքի հայը առաջին հերթին կարող է ներդրումներ անել կաթնամթերքի ոլորտում: Կարելի է նաեւ գետնախնձորի փաթիլի  (crisps, chips) գործարան հիմնել քանի որ մեր տարածաշրջանում գետնախնձորը  բարձրորակ է ու էժան: Ախալցխայում ժամանակին եղել է նաեւ պահածոների մեծ գործարան: Այդ ոլորտը աշխատեցնելու համար այստեղ եւս պահանջարկ ու հնարավորութիւն կայ: Վրաստանը ի տարբերութիւն յետխորհրդային բազմաթիւ այլ երկրների կարողացել է բացարձակապէս ձերբազատուել կաշառակերութիւնից ու բռնել արեւմուտքի զարգացման ուղին, ինչ որ եւս գրաւիչ պէտք է լինի դրսի ներդրողների համար:

Ե.Լ.  — Վարչական քաշքշուքը շա՞տ է գործ մը հաստատել ուզող դրսեցիին համար: Վրացերէն չգիտցողը գլուխ կը հանէ՞ վարչական թնճուկներէն:

Է.Ա. — Կարծում եմ, որ վարչական քաշքշուքը պէտք չէ լուրջ մտահոգութիւններ պատճառի օտարերկրեայ ներդնողներին: Իսկ վրացերէն չգիտենալը եւս խնդիր չէ օտարերկրացու համար, քանի որ այս երկրում պաշտօններ զբաղեցնողների մեծամասնութիւնը լաւ է տիրապետում անգլերէնին:

Այնպէս որ Վրաստանի մասին թէ դրական փաստերը պէտք է ընդունենք, թէ ժխտական, որոնք մշտապէս կրկնում ենք. այս երկրի քաղաքացի հայը իր իրաւունքների հետ կապուած բազմաթիւ  չլուծված խնդիրներ ունի:

Տեսակցեցաւ
Ենովք Լազեան
(Աուկսպուրկ, Գերմանիա)

Оставьте комментарий