Վահան Տեր-Առաքելյան


Ժողովրդական մոտիվներ

1.

Արծաթ աղբյուր, պաղ աղբյուր,
Կյանքդ անփույթ խաղ աղբյուր.
Թեժ սիրտս ցողի պապակ,
Ցողե՜ս, շաղե՜ս, շաղ աղբյուր:

Ջահել էի, տարվեցի,
Կույսի սիրով գերվեցի.
Ճրագ տեսած թիթեռի պես
Կրակն ընկա, էրվեցի:

Ոչխարդ արոտ գնաց, տղա,
Ոչխարդ անտեր մնաց, տղա.
Հարսնացուիդ առան, տարան
Մեռածի պես քնած տղա:

Թև առ թռի՜ր, ա՛յ տղա,
Թասիբ չունե՞ս, հա՛յ տղա.
Թե սիրածիդ ետ չառար՝
Ջահել կյանքիդ վա՛յ, տղա:

I I

Ծեգը թարթեց, զովն անուշ,
Լազվարդ երկնի մովն անուշ.
Թող գեթ հոնքդ համբուրեմ,
Թուխ աչքերիդ ծովն անուշ:

Սեգ կարապիդ ես գերի,
Ջիվան կյանքս զոհ բերի.
Անկարեկից մունջ Քույրիկ,
Քեզ երկինքն էլ չի՛ ների:

I I I

Այ զո՜վ գիշեր, լուսնակ գիշեր,
Մերժվածների կոչնակ գիշեր.
Ցավերի ծով սիրտս լռիկ,
Խոսես հետը, խոսնակ գիշեր:

Երկինք, գետին քուն են մտել,
Հավք, անասուն բուն են մտել,
Արհամարված սիրո գերիս
Լոկ հանգրվան, տուն չի գտել:

I V

Քույրիկ, սերդ սուր է դառել,
Հուր է դառել, կյանքս վառել.
Կարոտ աչքիս սև արցունքը
Ծով է դառել, շուրջս առել:

Փակ է ճամփես, գալ չեմ կարող,
Ոտիդ փարվել, լալ չեմ կարող.
Սիրտս էլ ուզես, չեմ խնայի,
Կըհանեմ, բայց տալ չեմ կարող:

V

Ա՛յ ամպեր, ահավոր ամպեր,
Օդաչու, թևավոր ամպեր.
Բնիկ վայրից հալածական,
Ինձ նման սևավո՞ր ամպեր:

Պանդուխտ եմ ես, տուն չունեմ,
Խաղաղ անկյուն, բուն չունեմ,
Սիրած կույսից հետ մղված,
Օր ու գիշեր քուն չունեմ:

Ձե՛զ եմ դիմում, սև՛ ամպեր,
Կարկտաբեր չար-խև ամպեր.
Շանթե՛ք կուրծքս հուսախաբ,
Շանթահարկու՛, դև՛ ամպեր:

И замечательные переводы поэзии Пушкина
А.С. ПУШКИН
НЕТ, Я НЕ ДОРОЖУ МЯТЕЖНЫМ НАСЛАЖДЕНЬЕМ

перевод В. ТЕР-АРАКЕЛЯНА

Ոչ, ինձ համար արժեք չունեն վայելք, հաճույք խռովահև,
Զգայական հիացմունքն ու մոլեգնություն խենթ ու խև,
Հառաչանքն ու հևոտ ճիչերն շվայտուհու դեռահաս,
Երբ ձգվելով իմ գրկի մեջ օձի նման նրբանազ,
Տապ գգվանքի պոռթկումներով, համբույրներով խոցածին
Վայրկյանն է սոսկ փութացնում նա ցնցումների իմ վերջին:

Օ՜, ավելի անուշ ես դու, իմ սիրելի հեզուհի՜,
Օ՜, ինչ տանջուն երջանիկ եմ ես քեզանով, գեղուհի՜,
Երբ զիջելով երկարաշունչ պաղատանքիս աննվազ,
Տրվում ես ինձ այնպես քնքույշ և հիացքիս հազիվհազ
Արձագանքում իմ ջերմ գրկում առանց շինծու զմայլման,
Ամաչկոտ-սառն, ինքնապարփակ , միտ չառնելով ոչ մի բան,
ՈՒ ավելի, է՜լ ավելի շիկնում ես դու կրակի պես
ԵՎ ակամա բորբոքվում իմ սիրո բոցով վերջապես:

ПРОРОК

Հոգու ծարավով տառապած, տրտում,
Թափառում էի մութ անապատւմ,
ԵՎ վեց թևանի սերովբեն վսեմ
ՈՒղեմերուկում դուրս եկավ իմ դեմ.
Իր նուրբ մատներով, թեթև, ինչպես նինջ,
Դիպավ աչքերիս նա լուսաշող, ջինջ.
ԵՎ բացվեցին իմ աչքերն իմաստուն,
Քանց աչքերն արծվի՝ էգ, ահաբեկուն:
Նա ականջներիս դիպավ կամացուկ,
ԵՎ այնտեղ լցվեց դժժոց ու աղմուկ.
ԵՎ ես լսեցի ցնցումն երկնքի,
ԵՎ հրեշտակների թռիչքն եթերքի,
ԵՎ ծովի սողնոց լողերթը գալար,
ԵՎ աճը որթի դաշտերւմ դալար:
ԵՎ զգույշ կպավ նա իմ շուրթերին
ԵՎ պոկեց, հանեց լեզուս մեղսածին,
Լեզուս զրախոս ու նենգաբարբառ,
ԵՎ շուրթերիս մեջ՝ կարկամած ու սառ՝
Արյունոտ աջով դրեց իմաստուն
Օձի երկսայրի խայթոցը ճկուն:
ԵՎ իմ կուրծքը նա ճեղքեց սուսերով,
ԵՎ սիրտս դողդոջ հանեց անվրդով
ԵՎ մի բոցավառ ածուխ հրաշեկ
Խրեց իմ ճեղքված կրծքի մեջը հեգ:
Դիի պես ընկած անապատում ես,
Լսեցի աստծո ձայնն ահեղ ու վես:
«Եկի՜ր, մարգարե, և՜ տես, և՜ միտ առ,
ԵՎ տոգորվիր իմ կամքով վեհափառ,
ԵՎ շրջիր ծովեր, երկրներ անանց,
Հուր խոսքով այրի՜ր սրտերը մարդկանց».

Я ВАС ЛЮБИЛ…

Սիրում էի Ձեզ. սերը երևի
Իմ հեգ հոգում դեռ չի անցել,մարել.
Բայց թող այն այլևս ձեզ չվրդովի.
Ես չեմ կամենում Ձեզ վիշտ պատճառել:
Սիրում էի Ձեզ անմրմունջ, անհույս,
Մերթ խանդով տանջված, մերթ վեհերոտ-հեզ.
Սիրում այնպես նուրբ, անկեղծ ու քնքույշ.
Երնեկ ուրիշն էլ այդպես սիրի Ձեզ:

Один ответ

  1. @ntir tarkmanutyunner en!!!!!!!!!!!!!

Оставьте комментарий