Հայաստանի Ազգային գրադարանում հուլիսի 7-ին մեծ շուքով նշվեց Ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու տարեդարձը:

Հուլիսի 4-ը Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Տոնի առթիվ գրադարանի գեղեցիկ ձևավորված հարկերում միջոցառումները սկսվեցին հուլիսի 7-ին:
Բացման խոսքում գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհավորեց բոլորին, գրադարանային գործին մատուցած ծառայությունների համար պատվոգրեր հանձնեց մի քանի աշխատակիցների:
— Շատ կուզենայի, որ ինչպես 1919թ., այնպես էլ այսօր, գրադարանը ազատվեր հարկերից, տուրքերից, մաքսերից և այլն, որը մասամբ է կատարվում:
Եգիպտահայ հասարակական գործիչ Պերճ Թերզյանը տիկնոջ հետ նույնպես մասնակցում էր միջոցառմանը: Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի մասնաճյուղը երեք` «Արև», «Հուսաբեր» օրաթերթերի և «Ջահակիր» շաբաթաթերթի արխիվը` հրատարակման օրից մինչև 2000թ., ամբողջությամբ նկարել է միկրոֆիլմի վրա: «Մի քանի անգամ փորձելով համապատասխան սարքերի միջոցով վերծանել նյութը, չհաջողվեց, և որոշվեց, որ դրանք թվային տարբերակով նվիրել գրադարանին»,- ասաց Պ.Թերզյանը` նվերը հանձնելով գրադարանի տնօրենին:
Գրադարանավարներին շնորհավորեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Ղազարյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանը:
Հաջորդ տարի կլրանա 40 տարին, ինչ ռազմական պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանն օգտվում է Ազգային գրադարանից: Ըստ նրա, ցավալի է, որ չնայած հրավերին, միջոցառմանը չեն մասնակցում մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ: □Այս տարիների ընթացքում ես շատ անվանի մարդկանց եմ հանդիպել, որոնք օգտվել են Ազգային գրադարանից, բայց իմ մեջ տպավորվել է հատկապես Ջոն Կիրակոսյանը: Մարդու կրթվածության չափանիշը, հասարակության մեջ ունեցած դիրքը ինձ համար կապվում է այն բանի հետ, թե արդյո՞ք նա օգտվում է Հայաստանի Ազգային գրադարանից: Եթե մարդն այս օջախում չի եղել, ուրեմն նա շատ ցածր է, որքան էլ աթոռը բարձր լինի□,- ասաց Ռ.Թադևոսյանը: Նա ցավով նշեց, որ Ազգային գրադարանն այսօր դժվար իրավիճակում է, որ կառավարությունը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի այս կրթամշակութային կենտրոնին, բայց նաև ավելացրեց, որ «թեև կարկատաններով, հնամաշ հագուստով, բայց մայրը մայր է մնում»: Դ.Սարգսյանը Ռ.Թադևոսյանին հանձնեց Ազգային գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս:
Ազգային գրադարանի մի շարք աշխատակիցներ տոնի առթիվ հյուրընկալվել են Մշակույթի նախարարությունում, արժանացել պատվոգրերի:
Ազգային գրադարանում բացվել էին բազմաբնույթ ցուցահանդեսներ, որտեղ ներկայացված էին Ազգային գրադարանում պահպանվող հնատիպ գրքեր, քարտեզներ, թերթեր, դրոշմանիշեր, հրավիրատոմսեր, բացիկներ, ոչ գրքային հրատարակություններ: Առաջին հարկի ցուցափեղկերում ներկայացված էին նոր հրատարակված գրքեր: Առանձին տաղավարով ցուցադրված էին գրադարանի մասին պատմող նյութեր, լուսանկարներ, Ազգային գրադարանի հրատարակությունները: Ցուցադրվեց գրական, գրադարանային թեմաներով ֆիլմեր:
Ցուցափեղկերից մեկում ներկայացված էր «Հեղինակները մեր ընթերցողներն են» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին Ազգային գրադարանի ընթերցասրահներում գրված գրքեր: Առանձին ցուցափեղկերով ներկայացված էին ՀԱԳ պաշտոնաթերթում` «Հոգևոր հայրենիք»-ում Ազգային գրադարանի օրվան նվիրված նյութեր` տպագրված տարբեր տարիներին, հազվագյուտ, ինքնագրերով գրքեր, նոտային եզակի հրատարակություններ: Տոնական օրվա ընթացքում գրադարանի այցելուները ծանոթացան հայ գրողների` գրադարանի, գրքի և լեզվի մասին ասույթներին, որոնք ներկայացված էին տարբեր հարկերում:
Տոնական օրը Ազգային գրադարանում ամփոփվեց «Գիսանե» պարային համույթի /գեղարվեստական ղեկավար` Գևորգ Ալեքսանյան/ ազգային, լիրիկական կատարումներով:

Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին

Оставьте комментарий