Կաթողիկոսին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական եկեղեցին պետք չէ՞

tiranՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, պարզվում է, դատի է տվել Ֆրանսիայի Նիցցա քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցուն, և կայացված վճռի համաձայն՝ այդ եկեղեցին այլևս չի կարող համարվել Հայ առաքելական և համապատասխան կանոններով պատարագ մատուցել: Ինչպես հեռակապով հայտնեց Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, այդ մասին Գարեգին Բ.-ն հայտարարել է երկու տարի առաջ, որին էլ հետևել է դատարան դիմելն ու վերջինիս կողմից կայացված որոշումը:

Ի դեպ, Տիրան Կյուրեղյանը Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդն էր, ով Գարեգին Երկրորդի ձեռամբ կարգալույծ է արվել 2000 թ.-ի նոյեմբերի 5-ին, իսկ նրան փոխարինել է կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Տիրան Կյուրեղյանը միայն վերջերս՝ սեպտեմբերի 22-ին է տեղափոխվել Նիցցա ու սուրբ Աստվածածին եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցում, որտեղ աստիճանաբար ավելանում է հայ հավատացյալների հոսքը:

Տիրան Կյուրեղյանը զարմացած է, որ Ֆրանսիայի նման ժողովրդավարական երկրում քաղաքային դատարանը նման որոշում է կայացրել: Հոգևորականը կաթողիկոսի նման որոշումը համեմատում է բիզնես ընկերությունների անվանման հետ, որի դեպքում է պատահում, որ որևէ մեկն այլևս չի կարող օգտագործել նույն ֆիրմային անվանումը: Նույն մեթոդով Գարեգին Բ.-ն որոշել է, որ Նիցցայի սուրբ Աստվածածին եկեղեցին այլևս կապ չունի Հայ առաքելական եկեղեցու հետ: Հոգևորականի բնորոշմամբ՝ աշխարհի ամենահետամնաց պետություններում անգամ նման որոշում դատարանի կողմից կարող էր չկայացվել: Իրենք հանդիպել են դատապաշտպանների հետ, ովքեր փորձառություն ունեն հոգևոր վեճեր լուծելու խնդրում, և առաջարկել են փոփոխություններ կատարել եկեղեցում մատուցվող պատարագներում, ինչին դրական են արձագանքել իրենք, ու ինչպես Տիրան Կյուրեղյանը մասնավորեց՝ «մանավանդ նկատի ունենանք, որ Հայ առաքելական եկեղեցու պատարագը Բարսեղ Կեսարացու և Հովհան Ոսկեբերանի աղոթքներով է կազմված, այն Գարեգին Ներսիսյանը կամ նրա հարազատը չի գրել, որ պատենտի վերածի»:

Իսկ Նիցցայի քաղաքային դատարանի նման որոշումը Տիրան Կյուրեղյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ երբ Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետը ծանր հիվանդ էր, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն էլ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն ու նրա օգնականը, կարողացել է կանոնադրություն հաստատել, որն անգամ չի քննարկվել եկեղեցու գերագույն մարմնի ու հաստատվել Ազգային եկեղեցական ժողովի կողմից, որով էլ այսօր առաջնորդվում է Գարեգին Բ. կաթողիկոսը: Դա պատահել է 1998 թվականին, Հայաստանի աշխարհիկ իշխանությունների միջամտությամբ նաև: Նման կանոնադրությունը միայն հիմա Տիրան Կյուրեղյանն անօրինական է համարում: Նա հայտարարում է, որ Նիցցայի հայկական եկեղեցին այլևս չի ենթարկվում այդ կանոնադրությանը:

Նիցցայի հայկական սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1928 թ.-ին, հայ գաղթականների կողմից, օծվել է. «1951 թ. կանոնադրությունը կա, որտեղ հստակ ասվում է, որ այդ տարածքի տերերը տրամադրել են հողատարածքը՝ բնականաբար վաճառքի միջոցով, որպեսզի այդտեղ կառուցվի հայ գրիգորյան եկեղեցի: Պայմանը եղել է այն, որ պատարագները պետք է մատուցվեն հայ գրիգորյան – առաքելական եկեղեցու կանոններով»: Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը փոխարինել է Տեր Սահակին, ով հովվապետել է մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Առաջիկայում իրենց գերագույն ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենա, որտեղ էլ որոշում կընդունեն, թե այլևս ինչ պիտի անեն քաղաքային դատարանի նման որոշումից հետո, պատրաստվում են, հավանաբար, բողոքարկել այն դատական հաջորդ ատյանում: Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը հայտնեց, որ նախորդ տարիներին՝ 10 – 12 անգամ, ինքն այցելել է Նիցցա, այդ եկեղեցին՝ բոլոր Ծննդյան և Հարության տոներին, Սուրբ Խաչին և պատարագել է:

Հայ առաքելական եկեղեցին Ֆրանսիայի թեմում այսօր դեռ առաջնորդ չունի, առաջնորդական տեղապահն է հայր Գրիգորը, ով փոխարինել է հրաժարական տված Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Տիրան Կյուրեղյանի տեղեկություններով, առաջնորդարանում դեռևս մնում է Նորվան սրբազանը, և մոտակա ամսում՝ «եթե չեմ սխալվում՝ նոյեմբերին, նոր առաջնորդի ընտրությունը պետք է լինի թեմում»:

Իսկ Նիցցայում հայերը հիմնականում խիտ ապրում են Մադլեն փողոցի վերջնամասում, Երևան, Սևան անունը կրող փողոցներում, արդեն երրորդ սերնդի հայեր են, շատերն էլ չեն խոսում հայերեն: Արևմտյան Հայաստանի տարբեր վիլայեթներից մազապուրծ և Ֆրանսիա հասած հայերի շառավիղներն են, ինչպես նաև՝ վերջին տարիներին Հայաստանից և Սիրիայից արտագաղթած և այնտեղ հասած հայությունը: Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Նիցցա, սակայն ո՛չ եկեղեցի է գնացել, ո՛չ դրան կից գործող Պարսամյան հայկական վարժարան, փոխարենը՝ այցելել է հյուրանոց, ռեստորան, դահլիճ և միայն կաթոլիկ եկեղեցու հետ պայմանավորվածությամբ մի փոքրիկ, լքված ու վարձակալված մատուռում է հանդիպում ունեցել:

Այժմ՝ յուրաքանչյուր կիրակի Նիցցայի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ, ինչպես հայտնեց հոգևորականը, պարզապես Գարեգին Երկրորդ կաթողիկասի անունը չեն տալիս. «15 տարի է՝ աշխարհի բոլոր Հայ առաքելական եկեղեցիներում աղոթում են, որպեսզի Գարեգին Երկրորդը երկար կյանք ունենա և ուղիղ վարդապետությամբ ղեկավարի, բայց առայժմ որևէ ուղիղ բան չեն տեսնում: Այդպիսի պատարագը երևի բավարար է, որ նա հասկանա, որ այն իրեն չի վերաբերում ու պատկանում»:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ
http://mitk.am

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: