Анаит Арпен (Армения): Мягкая игрушка (рассказ)

В литературной гостиной московского “Юсисапайла” — вновь писательница Анаит Арпен из Армении. Ее предыдущий рассказ Отчая страна моей мечты   был опубликован 20 марта 2012 года.

Անահիտ Արփեն

ՓԱՓՈՒԿ ԽԱՂԱԼԻՔ

 

            Տագնապն ահագնանում էր: Եվ այն էլ այն ժամանակ, երբ պետք է, որ  արդեն բոլոր կասկածները փարատված լինեին, քանի որ հարաբերություններն այնպիսին էին, ասես հազար տարվա ծանոթ են:

Ասել, որ չէին հասկանում մեկմեկու, միամտություն կլիներ: Մտածել, որ անկեղծ չեն իրար հանդեպ, դժվար էր հաստատել: Երիտասարդը երբեմն տղեկի նման էր իրեն պահում, երբեմն ավելի քան հասուն տղամարդ էր: Կնոջն հենց այդպիսի՛ տղամարդ էր դուր գալիս. հաստատուն քայլերով առաջ գնացող, կնոջն ուշադրության կենտրոնում պահող և իր նպատակին հասնող: Միայն թե, իրենց ծանոթության   ամբողջ ընթացքում այդպես էլ կինը չկարողացավ հասկանալ, թե իր հանդեպ երիտասարդ տղայի գործողություններն ինչ նպատակի էին հետամուտ: Նա ամեն անգամ տարբեր կերպարներով էր ներկայանում, նույնիսկ նույն պահին կարող էր տարբեր կերպ դրսևորվել: Ու հենց դա էր կասկած գցում կնոջ սիրտը, և ամենակուռ պատնեշն անգամ քրքրող այդ ցեց — կասկածը, ի վերջո, ստիպեց կնոջն հանգել այն համոզման, որ տղան իր հետ անկեղծ չի: Որովհետև նրա խոսքն ու գործը չէին համընկնում: Ասում էր մի բան, վերջնական արդյունքում անում միանգամայն ուրիշ բան: Եվ որքան շատ էր ճգնում ապացուցել ինչ – որ բան, այնքան ավելի էր գործում դրան ի հակառակ: Կնո՞ջն էր փորձում, թե՞ սեփական ուժերը… Կինն այլևս վստահ էր, որ ինքն ընդամենը թիրախ է այդ մարդու մղումներում և այդպես էլ ասաց նրան:

— Ինչ նպատակ էլ որ հետապնդես ինձ հետ առնչվելիս,- ասաց,- ես հարմար թեկնածու չեմ:

— Ի՞նչ գիտես:

Պատասխանը կտրուկ էր և առարկություն չընդունող: Կնոջ տագնապը փոխարկվեց վախի: Տղան սևեռուն նայեց նրան և պահանջեց, որ կինն էլ իրեն նայի, իր աչքերի մեջ: Կինը բարձրացրեց հայացքն ու փորձեց նրա աչքերի խորքում հարազատ նյարդ գտնել իր հանդեպ: Բայց տղայի հայացքն օտարոտի էր, ու անծանոթ անհանդուրժողականություն կար մեջը: Կինը մահ տեսավ երիտասարդ տղայի աչքերի խոռոչներում, վատ զգացողություն ունեցավ ու փախցրեց հայացքը` ասես փորձելով խուսափել վտանգից, բայց և լավ էր հասկանում, որ չնկատելու տալը չի վերացնում երևույթի գոյությունը:

Հանգիստն հաստատապես չքացավ: Այդ ամբողջ ամիսների ընթացքում ձեռք բերածը, որ ամենանվիրական զգացումներով էր շաղախված, մի ակնթարթում հօդս ցնդեց: Նա վերջնականապես հասկացավ, որ ինքը ոչինչ է տղայի համար ու մեկեն թևաթափ եղավ: Մորմոքում էր.            «Տե՜ր Աստված, մե՞ծ բան էր ուզածս: Ընդամենը մի քիչ քնքշանք: Մի փշուր սեր»:

Երիտասարդը քնաթաթախ շրջվեց դեպի քունը կորցրած կինը և իր բազուկներով աքցանեց նրա մերկ իրանը: Կինը երբևէ այդքան երջանիկ և միևնույն ժամանակ այդքան դժբախտ չէր զգացել իրեն… Ոչ մի լավ բան այլևս չէր սպասում իրենց կապից` երիտասարդ տղայի քայլերն անմաքուր գործերի մասին էին հուշում:

Պատրա՞ստ էր զրկանքներ տանելու… Կինը վստահ չէր, բայց համոզված էր, որ սայթաքելու իրավունք չունի, և որ զարտուղի ճանապարհներն իրենը չեն: Երբեք ոտք չէր դրել: Մի պահ մտածեց, որ թույն էլ կընդունի նրա ձեռքից, եթե դա տղային պետք լինի, բայց, ո՛չ նրա հետ, ո՛չ էլ նրա համար, անազնիվ գործարքի մեջ չի մտնի, երբեք…  Կինը չէր կարող անսալ տղայի կասկածելի նկրտումներին, որքան էլ, որ նա ցանկալի լիներ: Կինն անընդունակ էր դուրս ելնել սեփական կաշվից ու փորձել մտնել մի աշխարհ, որը դատապարտելի էր համարում: Ամեն ինչ կանխորոշված էր, և մի մեծ «ոչ» երկնից կախված ճոճվում էր կնոջ գլխավերևում:

— Սիրում եմ քեզ,- շշնջում էր տղան`քաղցր ջերմությամբ պարուրելով կնոջ սիրտն ու թափանցելով հոգու խորքերը…

«Ես էլ քեզ»…

Մտմտում էր կինը և սակայն չէր բարձրաձայնում:

— Կարոտում եմ քեզ,- ամեն անգամ հանդիպելիս ասում էր տղան միանգամայն անկեղծ, ու կինը ցավ էր զգում: Ինքն էլ նրան էր կարոտում, նրա գուրգուրանքներն էր տենչում…

Կինը շուտով հասկացավ, որ այդպես շարունակվել չի կարող, ավելին, հանկարծ նկատեց, որ էլ չի կարողանում նախկինի պես մտերիմ լինել նրա հետ ու ապշեց իր այն զգացողությունից, որ չի ցանկանում ընդունել նրա այնքան հաճելի փաղաքշանքները: Անտանելի էր: Խուսափելն անհնար:

Կինն անընդունակ էր մանևրելու, ձևացնելու, խաղալու… Ու թեև համոզված էր, որ տղան ինքը, տեսնելով, որ չի կարողանում իրեն խաբել կամ պարտադրել անցանկալին, շուտով վերջ կդնի իրենց հարաբերություններին, էլի չդիմացավ լարվածությանը և նրան ասաց, որ այլևս չի ուզում հանդիպել:

Տղայի համար անսպասելի էր դա, քանի որ վստահորեն նվաճել էր կնոջ հոգու բոլոր անկյունները. կինն իր թելադրանքով էր ապրում ու շնչում: Բացի այդ, ինքն էր լքելու, երբ կինն այլևս իրեն պետք չլիներ:

—         Ինչու՞ :

Պատասխանը, որ վաղուց էր հասունացել ու կախվել օդում, հնչեց, ավելի շուտ, պոռթկաց, նախքան տղան կհասցներ իր հարցը տալու համար շարժել շուրթերը:

— Մեր հարաբերություններն ապագա չունեն,- պատասխանեց կինը:

— Հանկարծ նկատեցիր,- սարկազմի դիմեց երիտասարդը:

— Կյանքում ոչինչ հանկարծ չի լինում: Ամեն ինչ հավաքվում է, կուտակվում և հասնում իր տրամաբանական ավարտին:

— Դու ուրիշ տղամարդ ունես:

— Ո´չ:

— Արի ամուսնանանք:

Կինը շանթահարվեց, չէր սպասում… Դառնության ալիք հորձանքվեց ներսում` ահազանգելով զգուշանալ ավելի մեծ խաբեությունից, որն անշուշտ փորձանք էր բերելու գլխին: Ու մարդկային բնազդով բխած մի պաշտպանական քմծիծաղ շունչը ետ բերեց, ու կինը փորձեց համոզիչ ձևակերպել խոսքը:

— Ես իհարկե շնորհակալ եմ այն հաճելի պահերի համար, որ պարգևում ես ինձ, բայց երկուսս էլ, ինչպես դու ես հաճախ ասում, հասուն մարդիկ ենք և գիտակցում ենք, որ ես այն մարդը չեմ, ով պետք է քեզ և դու էլ երբեք չես լինի այն տղամարդը, ով ինձ է պետք:

— Ի՞նչ պատահեց:

— Ես ինձ կողքից տեսա:

— Եվ ի՞նչ տեսար:

— Անդունդի եզրին կանգնած տեսա:

— Ես քեզնից ետ չեմ քաշվի:

— Երախտապարտ կլինեմ, եթե մոռանաս իմ գոյության մասին:

— Ես քեզ բաց չեմ թողնի:

— Իզուր ժամանակ ես ծախսում ինձ վրա,- պնդեց կինը:

Եվ անմիջապես էլ  ստացավ տղայի խարազանող պատասխանը:

— Դու գիտեիր, որ կարող է կրակի հետ ես խաղում:

Կարող է: Իսկ եթե ո՞չ…

Այո, գիտեր: Ու մղվելով դեպի էդ կրակը` ուրիշ կրակ էր ուզում մարել, որ վերջապես հանդարտեցնի հուզախռով գլուխը: Վաղուց էր պետք: Շատ էր ուշացել: Եվ այդ ուշացած ճիչը պիտի որ իր տխուր հետևանքներն ունենար:

— Ես գործարքի մեջ չեմ մտնի… նույնիսկ քեզ հետ…

Կնոջ հայացքի միջով նրա հոգու խորքը թափանցելու մի փորձ էլ արեց տղան:

— …երբե´ք:

Խոսքն ավարտեց կինը աներեր, իրեն լրիվ վերագտած, և երիտասարդ տղան հասկացավ, որ այս անգամ չհաջողեցրեց…

— Փափուկ խաղալիք էիր նվեր ստացել, մի քիչ խաղացիր ու դեն նետեցիր, հա՞: Արդեն քեզ չեմ հետաքրքրում,- իր եզրահանգումը ներկայացրեց, թեև կնոջ դժգոհության իրական պատճառը շատ լավ էլ հասկանում էր և չէր կարող հերքել:

Ի պատասխան` կինը ոչինչ չասաց:

Один ответ

  1. Ո՜Վ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ

    Ո՜վ հայոց մայրեր, որ տվիք ազգին
    քաջեր բյուրընտիր՝
    սրբադասվելու հենց ռազմի բովում,
    փառք ձեզ, խոնարհում:

    Եվ ողորմի տանք մենք ընկածներին
    այդ մարտադաշտում,
    իսկ ոսոխին՝ մահ,
    բյուր հազար անգամ:
    Բայց և գթա, Տեր, պատերազմ
    բռնի քշված, սպանվածին՝
    ի սփոփանք իրենց խղճուկ մայրերի:
    Ողորմի նրան,
    ով իր կամքով չէր եկել մեզ վրա,
    բայց մատաղ արեց թշնամին նրանց
    ու ցավ էլ չզգաց …

    Ո՜վ հայոց մայրեր,
    դուք որ ծնել եք արի զավակներ,
    Անարգին քոթակ տվող արծիվներ,
    նոր կորյուն ծնեք,
    ու տված կաթը ձեր հալալ լինի,
    իսկ փառքը՝ անշեջ,
    Ո՜վ Հայոց Մայրեր:
    Անահիտ Արփեն
    2016թ., ապրիլ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: