Լենդրուշ Խուրշուդյան «Սփյուռքահայությունը եւ Հայկական հարցը, Հայկական հարցի վերածնունդը»

Եթե Խորհրդային Հայաստանի կառավարությունը հարկադրված Էր հրաժարվել Հայկական հարցից, ապա հայոց հայրենիքի պահանջատիրությունը իրենց վրա վերցրին ցեղասպանությունից փրկված եւ աշխարհի բազմաթիվ երկրներում ապաստան գտած արեւմտահայության բեկորները, որոնք նոր պայմաններում ձեւավորվում Էին որպես սփյուռքահայություն:
Խորհրդային Հայաստանի հարկադրական լռության, Հայկական հարցից հրաժարվելու պայմաններում ազգային-ազատագրական պայքարի դրոշը, Հայկական հարցի լուծման համար պայքարի ղեկավարությունը մնում Է Հայկական Սփյուռքին:
Սփյուռքում գործող հայ ազգային կուսակցությունները, կազմակերպությունները, Հայ դատի հանձնախմբերը, եկեղեցին լայն գործունեություն ծավալեցին Հայկական հարցի քարոզչության ուղղությամբ՝ ձգտելով այն դարձնել միջազգային հարաբերությունների օրակարգի հարց: Փաստաթղթեր հղվեցին ՄԱԿ-ին, Եվրոպառլամենտին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, մեծ տերությունների ղեկավարներին՝ Հայկական հարցի լուծման պահանջով:
Չնայած ձեռք բերված որոշ հաջողություններին, այնուամենայնիվ, արմատական շրջադարձ Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում չկատարվեց: Չհաջողվեց Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանությունը հանել մոռացությունից ու դարձնել միջազգային հարաբերությունների օրակարգի հարց:
Սփյուռքահայության ազգային մեծ զարթոնքը, Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարում արմատական շրջադարձը, այդ պայքարի նոր մարտավարության մշակումը տեղի Է ունենում 1915 թ. Մեծ եղեռնի 50-ամյակից հետո: Մեծ եղեռնի 50-ամյակը եկավ ամփոփելու Ափյուռքահայության անցած ուղու արդյունքները եւ դնելու պայքարի նոր ուղիների, նոր մարտավարության սկիզբը:
Հայկական հարցի համար մղվող պայքարը ընթանում Էր երկու ուղղությամբ: Առաջինը, որոշ փոփոխություններով, ավանդական ուղին Էր: Հայկական եւ ոչ հայկական մամուլում հրապարակվում Էին բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, գրվում Էին գրքեր ու գրքույկներ՝ նվիրված Հայկական հարցին եւ ցեղասպանությանը, կանգնեցվում Էին եղեռնին նվիրված հուշարձաններ: Դիմումներ Էին հղվում ՄԱԿ-ին, Եվրոպառլամենտին, միջազգային բոլոր կազմակերպություններին, բազմաթիվ երկրների նախագահներին, խորհրդարաններին եւ կառավարություններին՝ Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու պաշտպանելու առաջարկով: Հայկական լոբբին տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, լայն գործունեություն Է ծավալում Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել տալու ուղղությամբ: Ի տարբերություն նախորդ շրջանի, սփյուռքահայ քաղաքական միտքը ավելի մեծ ուշադրություն Է դարձնում միջազգային կազմակերպությունների վրա ազդելու գործնական ուղիների, ծրագրերի մշակմանն ու գործադրմանը: Այս բնագավառում զգալի գործ Է կատարում 1972 թ. ստեղծված Ամերիկայի Հայկական Համագումարը:
Ափյուռքահայ քաղաքական միտքը պայքարի առաջին պլան Է մղում հայոց ցեղասպանության դատապարտման հարցը` արդարացիորեն գտնելով, որ եղեռնի ընդունումն ու դատապարտումը հանգեցնելու Է Հայկական հարցի լուծման անհրաժեշտությանը:
Հայկական հարցի լուծման համար մղվող պայքարի երկրորդ ուղղությունը ահաբեկչությունն Էր: Նախորդ փուլում Հայկական հարցի համար մղված պայքարը հաջողությամբ չէր ավարտվել: Նման պայմաններում սփյուռքահայ երիտասարդության մեջ ծնունդ է առնում այն տեսակետը, որ Հայկական հարցը լուծելու համար դիվանագիտական, քաղաքական միջոցներն անբավարար են: Որպես Հայկական հարցի լուծման համար մղվող պայքարի գործնական ձեւ՝ առաջ է քաշվում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական աշխատողների ահաբեկչությունը: Նոր պայմաններում ահաբեկչությունը դառնում է ազգային-ազատագրական պայքարի այն ձեւը, որը պետք է Հայկական հարցը հաներ փակուղուց եւ նորից դարձներ միջազգային հարաբերությունների օրակարգի հարց:
Ահաբեկչությունը, որպես ազգային-ազատագրական պայքարի ձեւ, հայ ժողովրդի համար նորություն չէր, այն կենսագործվել է ինչպես 19-րդ դարի վերջերին, այնպես էլ 20-րդ դարի սկզբներին:
Շարժումը սկիզբ է առնում 1973 թվականից:
1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում 73-ամյա Գուրգեն Յանիկյանը, որի ընտանիքի բոլոր անդամները զոհ էին գնացել 1915 թ. Մեծ եղեռնին, գնդակահարում է թուրքական հյուպատոսին եւ նրա օգնականին: Մահափորձից առաջ Գ. Յանիկյանը 3 հարյուր ճանաչված հայերի նամակ է գրում՝ առաջարկելով հետեւել իր օրինակին: Այդ ահաբեկչական ակտի համար Գ. Յանիկյանը դատապարտվեց ցմահ բանտարկության: Եվ իրոք Յանիկյանը բազմաթիվ հետեւորդներ ունեցավ: 1975 թ. ապրիլի 4-ի նամակում Յանիկյանը գրում է. <<Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Արարատի գագաթից ձյունի բեկոր գլորել դեպի փեշերը, որն արդեն մեծանում է: Ուրախ եմ, որ կարողացա արթնացնել քնածներին ու միացնել մեր ցեղը -իրենց ցանկության մեջ -տեսնել գազանը պատժված: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց թաղվելու պատրաստված մեր ազգի իրավունքները հանել գերեզմանից ու մաքրելով փոշուց, դնել մարդկության առաջ, որ հարցը լուծվի>>:
Յանիկյանի օրինակին հետեւեցին մեծաքանակ երիտասարդներ, որոնք զենքը ձեռքին պայքարի դուրս եկան Հայկական հարցի լուծման համար: Հայ ժողովուրդը մտավ ազգային-ազատագրական պայքարի զինված փուլը:
Ստեղծվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ-ն), որը կարեւոր ներդրում ունեցավ Հայկական հարցը միջազգային հարաբերությունների օրակարգ մտցնելու հարցում: Այդ կազմակերպության ծրագրի առանցքը կազմում էր <<Արեւմտյան Հայաստանի եւ բռնագրավյալ մյուս տարածքների>> ազատագրումը: <<Մյուս տարածքներ>> հասկացության տակ ՀԱՀԳԲ-ը նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Ախալքալաքի ազատագրումը: <<Այս է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի միակ նպատակը, զոր իրագործելու համար ընտրած է զինյալ պայքարի ուղին>> ասվում է այդ կազմակերպության ծրագրում:
<<Կենսական անհրաժեշտություն է,-գտնում է ՀԱՀԳԲ-ը, որ նորագույն հայ ազատագրական պայքարը ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ խորք, նկարագիր եւ բովանդակություն ունենա… Սակայն հայկական բռնագրավյալ հողերու ազատագրումը ինքնանպատակ երեւույթ չէ եւ պետք չէ, որ այդպիսին ըլլա: Ազատագրումին անմիջապես պետք է որ հետեւի ազատագրված հողերու եւ Սովետական Հայաստանի միացումը, միաձուլումը: Թե որը որին կը միանա ավելի ճշգրիտ կրնա ըսել պատմական տվյալ պահը կամ իրավիճակը, ինչպես նաեւ կրնա որոշել Սփյուռքի եւ Սովետական Հայաստանի մեր ժողովուրդը միասնաբար: Բայց անհրաժեշտ է գիտակցել, թե Հայ ազատագրական պայքարը, որ համահայկական խորք ունի, չի կրնար իրեն իբրեւ նպատակ ընտրել մեկ երկրորդ Հայաստանի մը ստեղծումը>>:
ՀԱՀԳԲ-ը հայ ժողովրդի թշնամիների շարքում էր դասում նաեւ այն պետություններին, որոնք օժանդակում էին Թուրքիային: Դրանով է բացատրվում, որ այդ կազմակերպության գործողությունների մի մասը ուղղված էր թուրքամետ պետությունների դեմ:
Այսպիսով, ՀԱՀԳԲ-ը Հայկական հարցի լուծման համար մղվող պայքարի մեջ նոր որակ է մտցնում, ժխտելով հարցի դիվանագիտական-քաղաքական լուծման հնարավորությունը, որդեգրում է զինված պայքարի ձեւերից մեկը` ահաբեկչությունը: Հայոց նորագույն շրջանի ազգային-ազատագրական պայքարի հիմնական ձեւը դառնում է ահաբեկչությունը:
ՀԱՀԳԲ-ը իր գործունեությունն սկսում է 1975 թ. հունվարին: Ահաբեկչությունն ակտիվորեն շարունակվում է մինչեւ 80-ական թվականների կեսերը:
ՀԱՀԳԲ-ը ահաբեկչական գործողություններ է կազմակերպում Բեյրութում, Ավստրիայում, Աթենքում, Թուրքիայում, ժնեւում, Ֆրանկֆուրտում, Կոպենհագենում, Միլանում, Հռոմում, Փարիզում, Մադրիդում, Կանադայում եւ ԱՍՆ-ում: Ընդ որում, Թուրքիայում եւ Լիբանանում ՀԱՀԳԲ-ի ահաբեկչությունները մեծ թիվ են կազմում,
Թուրքերը զգայի կորուստներ ունեցան, զոհեր տվեց նաեւ ՀԱՀԳԲ-ը: 1983 թ. կեսերին ՀԱՀԳԲ-ը պառակտվում Է: Անջատվածները ստեղծում են <<ՀԱՀԳԲ -Հեղափոխական շարժում>> կազմակերպությունը:
1975 թ. Հոկտեմբերից սկսում Է գործել <<Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ>> (ՀՑԱՄ) կազմակերպությունը, որը նույնպես լայնածավալ ահաբեկչական գործողություններ Է ծավալում, բայց ուղղված միայն թուրք դիվանագետների եւ թուրքական կառավարական հաստատությունների դեմ: 1975 թ. հոկտեմբերի 22-ին Վիեննայում այս խմբի անդամների կողմից սպանվում Է Ավստրիայում Թուրքիայի դեսպանը: Գործողությունից անմիջապես հետո հրապարակվում է կազմակերպության առաջին հաղորդագրությունը, որում հատկապես ընդգծված էր հետեւյալ միտքը. <<Մենք հայ ժողովրդի զավակներն ենք: Գործում ենք հանուն արդարության: Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչների դեմ մեր արարքը աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետություններին պիտի հիշեցնի, թե հայոց մոռացված ցեղասպանությունը անպատիժ է մնում>>:
Արդարության մարտիկների կազմակերպությունը պահանջում էր Հայոց ցեղասպանության ճանաչում եւ Հայկական հարցի լուծում:
Կազմակերպությունը գտնում էր, որ Հայկական հարցի լուծման համար խաղաղ միջոցներով մղված պայքարը իրեն սպառել է, որ ստեղծված իրավիճակում <<Մեր արդար դատի հետապնդման միակ միջոցը զինյալ պայքարն կ>>:
ՀՑԱՄ կազմակերպությունը գործեց մինչեւ 1983 թվականը, որի ընթացքում կազմակերպեց մեծ թվով ահաբեկչական գործողություններ Վիեննայում, Փարիզում, Վատիկանում, Մադրիդում, Ամստերդամում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ավստրիալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, Բուլղարիայում, Կոպենհագենում, Լիսաբոնում եւ Հարավսլավիայում: Նշված մի քանի երկրներում կազմակերպվում են մեկից ավելի ահաբեկչական գործողություններ:
1983 թ. կեսերից Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ կազմակերպությունը վերանվանվեց Հայ Հեղափոխական Բանակ, որը գործեց մինչեւ 1986 թ. կեսերը: Հայ Հեղափոխական Բանակը իր գոյության ընթացքում կազմակերպում է մի քանի ահաբեկչական ակտ, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես Լիսաբոնի անձնասպանական գործողությունը: 1983 թ. Հուլիսի 27-ին հինգ երիտասարդներ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշում են Լիսաբոնի թուրքական դեսպանատան դարպասից ներս, պայթեցնում դեսպանատան շենքը եւ զոհվում են շենքի փլատակների տակ:
Այդ կազմակերպության կոչերից մեկում ուղղված <<Բոլոր կառավարություններին, համաշխարհային հասարակայնությանը եւ մամուլին>> ասվում է. <<Աենք այժմ որոշել ենք պայթեցնել Հայկական հարցի շուրջը ստեղծված լռության շենքը, թող մենք մնանք փլատակների տակ: Անձնասպանություն չէ այս, ոչ էլ խելագարություն, այլ մեր զոհողությունը ազատության Բագինին>>:
Որոշ տեղեկությունների համաձայն, ՀՑԱՄ-ը եւ ՀՀԲ-ը ստեղծվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից կուսակցության 20-րդ համագումարի (1972 թ.) որոշումների հիման վրա: Սակայն այդ իրողությունն ապացուցող փաստաթղթեր պատմաբանների տրամադրության տակ չկան: Բացի վերոհիշյալ կազմակերպություններից սփյուռքում տվյալ ժամանակաշրջանում գործել են մի շարք ընդհատակյա հայկական ահաբեկչական կազմակերպություններ եւս, որոնք պայքարում էին Հայկական հարցը վերակենդանացնելու համար: Դրանց թվին են պատկանում Հայկական դեմոկրատական շարժումը, Հայկական գործի պաշտպանության կոմիտեն, Հայաստանի ազատագրության կազմակերպությունը, Հայկական եղեռնի վրիժառության կոմանդոսը, Հայաստանի գաղտնի բանակը, Հայկական ազատագրական բանակ կազմակերպությունը, Հայկական Հանրապետության բանակը, Հայ ազգային շարժումը, ժողովրդային շարժումը, ՀԱՀԳԲ-ի Համակիր մարքսիստ խումբը եւ Հայ պարտիզանները : Հիշատակված կազմակերպությունները եղել են գաղտնի, այդ պատճառով էլ նրանց գործունեությունը բնութագրող արժանահավատ փաստաթղթեր գրեթե չկան: Անգամ կազմակերպությունների անվանումները ճշգրտորեն հայտնի չեն, դրանք քաղված են օտարերկրյա թերթերից: Եվ ընդհանրապես, նորագույն շրջանի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը դեռ ուսումնասիրված չէ: Այդ պատմությունն ունի բազմաթիվ չլուծված պրոբլեմներ եւ վիճելի հարցեր, որոնց լուսաբանումը բաժին է ընկնելու ապագա պատմաբանին:
Սակայն, անկախ բազմաբնույթ վիճահարույց հիմնահարցերից, մի բան անկասկած է. ահաբեկչական կազմակերպությունները հասան իրենց նպատակին:
Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանում, երբ թվում էր, թե Հայկական հարցը մոռացվել է, երբ շատերը արդեն խոսում էին Սփյուռքի վերացման մասին, Հայ ժողովուրդը վերսկսեց Հայկական հարցի համար մղվող զինված պայքարը: Հայ ժողովուրդը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը ազգի արյան մեջ է, քանի գոյություն ունի ազգը` գոյություն կունենա նաեւ ազգային գաղափարախոսությունը: Սփյուռքահայ երիտասարդները, որոնցից շատերը չէին տիրապետում կամ շատ վատ էին տիրապետում մայրենի լեզվին, ղեկավարվելով արյան կանչով, նախնիների կանչով, մահն աչքի տակ առած, պայքարի դուրս եկան Արեւմտյան Հայաստանը ազատագրելու համար:
Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի տարաձայնություններ են գոյություն ունեցել այդ կազմակերպությունների միջեւ, որ կուսակցությանն են հարել, ինչ գաղափարախոսություն են դավանել, բոլոր այն երիտասարդները, որոնք զենքը ձեռքին պայքարել են կորցրած հայրենիքի ազատագրման համար, որպես ազգային հերոսներ, իրենց արժանվույն տեղն են գրավել Հայոց նորագույն պատմության մեջ:
Սփյուռքահայ երիտասարդության անձնազոհ ահաբեկչական պայքարի շնորհիվ Հայկական հարցը դուրս եկավ մոռացության շրջանից եւ նորից միջազգային ճանաչում գտավ:
Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, որոնք շատ ավելի մեծ կարող էին լինել, եթե Սփյուռքը միասնական լիներ եւ Խորհրդային Հայաստանն էլ հանդես գար որպես պահանջատեր:
Ռազմական նոր մարտավարության շնորհիվ Հայկական հարցի սկսեց լայնորեն քննարկվել մամուլում, տարբեր պետությունների խորհրդարաններում եւ կառավարություններում: Դեռ ավելին, Հայկական հարցով եւ հայոց ցեղասպանությամբ սկսեցին զբաղվել նաեւ միջազգային կազմակերպությունները:
Մոռացության տրված Հայկական հարցը նորից Է հրապարակ գալիս, նորից Է դառնում միջազգային ատյանների եւ մեծ տերությունների քննարկումների հարց: Ընդ որում, թուրքական իշխանությունները մեծ աշխատանք են ծավալում թույլ չտալու, որ Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանությունը ճանաչում գտնեն միջազգային ատյանների եւ մեծ տերությունների կողմից:
1973 թ. սեպտեմբերի 16-ին Ժնեւում տեղի են ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականության կանխման եւ պաշտպանության ենթահանձնաժողովի 28-րդ նստաշրջանը, որի ընդունած որոշման մեջ արձանագրված Է հետեւյալը. <<Անցնելով արդի փուլին, կարելի Է հիշել բավականին առատ վկայությունների գոյությունը, որոնք ապացուցում են հայերի կոտորածը, որը նկատվում Է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը>>:
Թուրքիան հանդես եկավ որոշման այդ կետի դեմ: Հետեւյալ տարիներին այդ հարցը մի քանի անգամ քննարկվեց: Ի վերջո, 1985 թ. ընդունված որոշմամբ 1915-1916 թթ. հայերի ջարդը Օսմանյան Թուրքիայում որակվեց որպես ցեղասպանության օրինակ:
1975 թվականից ԱՄՆ-ի կոնգրեսը բազմիցս քննարկել Է հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր, սակայն ԱՄՆ-ի վարչակարգի ճնշման տակ այդ բանաձեւերը մերժվել են Սենատի կողմից: Չնայած դրան, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 1990 թվականին ապրիլի 24-ը հռչակվել Է <<Հայկական եղեռնի գոհերի հիշատակի օր>>:
1983 թ. օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թ. հայոց ցեղասպանությունը եւ դիմեց ՄԱԿ-ին՝ կոչ անելով ընդունել այդ փաստը:

1984 թ. ապրիլի 16-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, որը ընդունեց հետեւյալ որոշումը.
<<Ատյանը գտնում Է, որ.
1. Հայ ազգաբնակչությունը կազմել Է եւ կազմում Է մի ժողովուրդ, որի հիմնարար իրավունքները` թե° անհատական, թե° հավաքական, պետք Է հարգվեին եւ պետք Է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան:
2. Հայ ազգաբնակչության խմբերի բնաջնջումը բռնագաղթի եւ կոտորածի ճանապարհով հանդիսանում Է ցեղասպանության հանցագործություն, որը չունի վաղեմության ժամկետ` ըստ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի սահմանման: Աույն հանցագործությունը դատապարտելու առումով վերը հիշատակված Կոնվենցիան նկատի ունի այդ պահին գործող օրենքը եւ հաշվի Է առնում նախկինում ուժի մեջ եղող կանոնները, որոնք գոյություն ունեին ամբաստանվող հանցագործ ակտերի կատարման ժամանակ:
3. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր Է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը:
4. Հայերի ցեղասպանությունը նաեւ <<միջազգային հանցագործություն Է>>, որի համար պետք Է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:
5. Այդ պատասխանատվությունը առաջին հերթին պահանջում Է պաշտոնապես ճանաչել ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի կրած համապատասխան կորուստները:
6. Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ նրա յուրաքանչյուր անդամն իրավունք ունի պահանջելու այս ճանաչումը եւ դրանում աջակցելու հայ ժողովրդին>>:

1985 թվականին Արգենտինայի ազգային կոնգրեսը եւ Ուրուգվայի խորհրդարանը Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշումներ ընդունեցին:

Լոզանի կոնֆերանսից հետո Հայկական հարցի համար մղվող պայքարում ամենախոշոր հաջողությունը ձեռք է բերվում 1987 թվականին:
Եվրոպական պառլամենտը 1987 թ. հունիսի 18-ին բանաձեւ է ընդունում Հայկական հարցի քաղաքական լուծման մասին, որի տեքստը ընթերցողին ենք ներկայացնում ամբողջությամբ.
<<10. Հայկական հարց
A 2-33/87

Եվրոպական պառլամենտը
-Նկատի ունենալով սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի եւ մյուսների կողմից ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84 թ.).
-Պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի եւ. ապրիլի 24-ը հայկական ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին (փաստ. B 2-380/85 թ.).
-Եվրոպական պառլամենտի քաղաքական հանձնաժողովի զեկուցագիրը (փաստ. A. 2-33/87/9.).
Ա. հաշվի առնելով`
-Պր. ժակեի եւ նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստ. 1-782/81 թ.)-
-Սոցիալիստների խմբի անունից տիկ. Դյուպորի եւ պր. Գլինի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստ. 1-735/83 թ.).
-Տիկ. Դյուպորի գրավոր հարցումը Հայկական հարցի մասին.
-Եվրոպական խորհրդի մշակութային գործերի մինիստրների խորհրդակցության 1986 թ. նոյեմբերի 13-ին ընդունած որոշումը, որը վերաբերում Է եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանությանը ներառյալ ԵՏՀ (Եվրոպական Տնտեսական Համագործակցության երկրների) տարածքից դուրս գտնվող հուշարձանները.
Բ. Համոզված լինելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի պատմության ճանաչումն իսկ ենթադրում Է նրա ինքնության ճանաչումը որպես Էթնիկական, մշակութային, լեզվական եւ կրոնական փոքրամասնություն.
Գ. Նկատի ունենալով, որ հայերը այդ իրադարձությունները (1915 թ. կոտորածները) որակում են որպես կազմակերպված ցեղասպանություն` համաձայն ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի.
Դ. Նկատի ունենալով, որ թուրքական պետությունը մերժում Է ցեղասպանության մեղադրանքը որպես անհիմն.
Ե. Հաստատելով, որ թուրքական կառավարությունը, մերժելով մինչեւ օրս ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, շարունակում Է այդպիսով զրկել հայ ժողովրդին իր սեփական պատմության իրավունքից.
Զ. Նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված հայկական ցեղասպանությունը մինչեւ այժմ ո°չ ենթարկվել Է քաղաքական դատապարտման եւ ո°չ Էլ ստացել Է համապատասխան հատուցում.
Է. Նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանության ճանաչումը այսուհետեւ կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգնման խորապես մարդկային ակտ, որը միայն պատիվ կարող Է բերել թուրքական կառավարությանը.
Ը. Խորապես ափսոսանք հայտնելով եւ դատապարտելով 1973-ից 1986 թվականների ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաեւ բազմաթիվ մահափորձերը, որոնց հետեւանքով զոհվեցին կամ վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից.
Թ. Նկատի ունենալով, որ բոլոր իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը.
1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի եւ Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի եւ հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական եւ մշակութային այլազանությամբ:
2. Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն <<Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին>> կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948  թվականի դեկտեմբերի 9-ին:
Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ :
3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնչում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ:
4. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության կողմից գործադրած ցեղասպանության մերժումը ներկայիս թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը Կիպրոսում, թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաեւ քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտար դեմոկրատիայի բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը՝ այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եվրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար:
5. Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում:
6. Վճռականորեն պահանջում է, որ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության ազգային ինքնության, նրա լեզվի, կրոնի, մշակույթի եւ կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերվի արդար վերաբերմունք, նաեւ հաստատակամորեն հանդես է գալիս (պատմական) հուշարձանների պահպանության գործի բարելավման, այդ թվում նաեւ՝ թուրքահայերի կրոնական -ճարտարապետական ժառանգության պահպանման ու կոնսերվացման օգտին եւ ցանկություն է հայտնում, որպեսզի Եվրոպական Տնտեսական Համագործակցությունն ուսումնասիրի այդ նպատակին օժանդակող հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը:
7. Այս կապակցությամբ կոչ է անում Թուրքիային անշեղորեն պահպանել իր երկրում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես որ այդ պարտադրում են նրան 1923 թ. Լոզանի պայմանագրի 37-46-րդ հոդվածները, ստորագրված Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ պետությունների մեծամասնության կողմից:
8. Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ թուրքահայերի կրոնական -ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել որպես Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների` մասնավորապես կայսրության մասն կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս:
9. Կոչ է անում այսպիսով Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը տարածել Թուրքիայի հետ համագործակցության համաձայնությունը նաեւ մշակութային ասպարեզի վրա՝ այդ երկրում քրիստոնեական կամ այլ` ինչպես օրինակ՝ դասական անտիկ շրջանի, խեթական, օսմանյան եւ այլն քաղաքակրթությունների ժառանգությունը պահպանելու նպատակով:
10. Իր մտահոգությունն է հայտնում այն դժվարությունների առթիվ, որոնց առնչվում է Իրանի հայ համայնքը մայրենի լեզվի գործածության եւ կրոնական կանոնների համապատասխան կրթության գործը կազմակերպելու հարցերում:
11. Հանդես է գալիս ընդդեմ Խորհրդային Միությունում հայ ազգաբնակչության անհատական ազատությունների խախտումների:
12. Վճռականորեն դատապարտում է այն բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչության ձեւերը, որոնք ի գործ են դրվում առանձին կազմակերպությունների կողմից, եւ հատկանշական չեն հայ ժողովրդի համար, եւ հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին:
13. Կոչ է անում Եվրոպական Տնտեսական Համագործակցության անգամ երկրներին՝ հռչակելու <<20-րդ դարում գործադրված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճրագործությունների հիշատակի օր>>, մասնավորապես զոհ գնացած հայերի ու հրեաների:
Վավերացնում է իր պարտավորությունը իրապես նպաստելու այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բանակցությունների իրականացումը:
14. Հանձնարարում է իր նախագահին՝ սույն բանաձեւը փոխանցելու (Եվրոպական պառլամենտի քաղաքական) հանձնաժողովին, Եվրոպական խորհրդին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ-երկրների արտաքին գործերի մինիստրների Խորհրդակցությանը, <<ԵՏՀ-Թուրքիա>> ընկերակցության խորհրդին, ինչպես նաեւ թուրքական, իրանական եւ խորհրդային կառավարություններին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին>>:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Հայկական հարցի հետապնդման բնագավառում ձեռք բերվեցին ակնառու հաջողությռւններ: Անհերքելի իրողություն է այն փաստը, որ Հայկական հարցը շնորհիվ նոր ռազմաքաղաքական մարտավարության հանվեց մոռացության շրջանից եւ դարձավ միջազգային հարաբերությունների, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական կազմակերպությունների եւ պետությունների գործունեության օրակարգի հարց:
Եվրոպառլամենտի որոշումից հետո, Ափյուռքահայությունը աշխատանքներ էր տանում Հայկական հարցը ՄԱԿ-ում բարձրացնելու համար:
Սակայն 1990-1991 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները` Հայաստանի Հանրապետության հռչակումը, արմատապես փոխեցին իրավիճակը:
Հայոց նորաստեղծ պետականության գոյության պայմաններում Հայկական հարցի իրավատեր է դառնում անկախ հանրապետությունը:

Լենդրուշ Խուրշուդյան, Հայկական հարցը, Երեւան, 1995, էջ 58-70:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: