Հայոց «Այբուբեն Արեգականը»

Հայոց Այբուբեն Արեգականը

Հայագետ, տոմարագետ, <<Անահիտ>> պատմամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
Սերգեյ Սիմոնյան

Ես իմ անուշ Հայաստանի Արևահամ բառն եմ սիրում…
Եղիշե Չարենց
Չարենցը երկու բառով բացահայտում է մի խորախորհուրդ և բազմաշերտ բովանդակություն:
Էդվարդ Ջրբաշյան

Դժվար թե գտնվի մի բանասեր, որը կարդալով Եղիշե Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> հանրահայտ բանաստեղծությունը, նրա ուշադրությունը չգրավի հայոց լեզվի արփիական հմայքը փաստող <<Արևահամ բառն>> արտահայտությունը:

Չարենցի վերաբերյալ երկտողը Հայաստանի երրորդ հանրապետության մեր օրերում, երրորդ հազարամյակի նախաշեմին և ապագա նոր ժամանակների համար պետք է դառնա չարենցյան ազգադիր` դաջված մեր սրտերում այլ ոչ թե լոկ անհասկանալի գրություն մնա թղթե 1000-անոց դրամանիշի վրա:
Նախ հարկ է նշել, որ Չարենցի գլուխգործոցի կիզակետը հանդիսացող արտասովոր արտահայտությունը, արևահամ <<բառ>> թե <<բար>> հարցադրման շնորհիվ շատերի գլխում ծնեց կասկածամտություն, որը բանասերների և գրականագետների շրջանում վերածվեց տասնամյակներ տևած բանավեճի:
Էդվարդ Ջրբաշյանը իր <<Տասնվեց տող>> ուսումնասիրությունում հետևյալ դիպուկ և խորաթափանց գնահատականն է տվել բանավեճային վերոնշյալ արտահայտության կապակցությամբ` <<…Չարենցի բանաստեղծության առաջին տողի հարուցած ամենամեծ դժվարությունն ու գայթակղությունը,- ոչ միայն այսպես կոչված շարքային ընթերցողի այլև որոշ բանասերների համար,- եղավ արևահամ բառ արտահայտությունը: Դա, իրոք, Չարենցի տաղանդին արժանի համարձակ և անսովոր պատկեր է, որը երկու բառով բացահայտում է մի խորախորհուրդ և բազմաշերտ բովանդակություն:<<Արևահամ բառի>> մեջ գեղարվեստական զարմանալի ուժով մարմնավորված են հայ ժողովրդի խոսքն ու լեզուն, նրա մշակույթը` ալեհեր և նոր, ինքնօրինակ և անկրկնելի, մարմնավորված են հայրենիքի պատմության և ներկայի, նրա բնության և արևի անջնջելի կնիքը կրող հոգևոր արժեքները: Ահա թե ինչու մեզ համար հատկապես թանկ և կարևոր է այդ արտահայտությունը>>:
Այո, <<Արևահամ բառ>> արտահայտությունը ոչ միայն հետաքրքրական է և զարմանալի, այլ նաև թանկ ու կարևոր, քանի որ նրանում մարմնավորված են արևային կնիքը կրող հայոց հոգևոր արժեքները` հավատքը (Արև-Աստծու պաշտամունքը), տոմարը (Արեգակնային օրացույցը) և գիրը (Այբուբեն Արեգականը): Իրոք հայոց աստվածատուր եռյակի` Հավատքի, Տոմարի և Գրի արևային բնույթին անտեղյակ ընթերցողի համար <<Արևահամ բառ>> արտահայտությունը լեզվաբանորեն և տրամաբանորեն պետք է որ անհասկանալի դժվարություն դառնար ու բանավեճի վերածվեր: Բանավեճ, որից ծնված ճշմարտությունն, որպես հարցի վերջնական լուծում, մեր ժամանակներում պետք է գիտականորեն վերստին հաստատեր Հայոց լեզվի արևաշունչ լինելը: Սակայն դա տեղի չունեցավ, քանզի դրա համար մաշտոցյան այբուբենը հայագետների ու լեզվաբանների կողմից նախ պետք է ճանաչվեր որպես արեգակնային այբուբեն:
Ինչպես հայտնի է, հայոց այբուբենը աստվածատուր լինելուց բացի նաև Ոսկեղենիկ էէկոչվում, իսկ մեր լեզուն` մայրենի, չնայած շատերի համար բացահայտ չեն այդ անվանումների իմաստը: Ըստ հին իմաստնության` ոսկին համարվում է Արեգակի մետաղը: Հետևաբար հայոց տառերի ոսկեղենիկությունը ոչ պատահականորեն պետք է որ կապված լինի Արեգակի հետ, որտեղից էլ հայոց բառերիարևահամությունը: Քանի որ մեր ոսկեղենիկ լեզուն սերտ առնչություն ունի Ոսկեմայր, Ոսկեմատն, Ասկեծղի և Ոսկեհատ Անահիտի հետ, ապա այն ոչ պատահականորեն նաև մայրենի է կոչվում:
Պարզության համար նշենք, որ Հայ ազգը հազարամյակներ շարունակ իր ապրելակերպը կարգավորել է Հայկան Սրբազան Արեգակնային Տոմարով, որի ամսակարգը սկսվում է Արեգ ամսով, օրակարգը` Արեգ օրով, իսկ ժամակարգը` Այգ ժամով: Սա, իհարկե, ամենախոսուն անժխտելի բնական վկայությունն է Հայ ազգի արևային կեցության, նրա Արևի զարմ լինելուն: Պատմագիտությունը և հին մատենագիտությունը վաղուց են փաստել հայ մարդու արևորդի լինելը: Այդ է հաստատում նախահայր Հայկի անվանումն նաև իր Հայգ` Արև նշանակությամբ(2): Այդուհանդերձ անհրաժեշտ ենք համարում լեզվաբանորեն ևս ցույց տալու ու փաստելու, որ հայերենն արևաշունչ լեզու է , իսկ սրբ. Մեսրոպի ջանքերով նորոգված և վերականգնված հնավանդ մաշտոցյան այբուբենը` Արեգակնային այբուբեն: Պարզ է, որ միայն այդ դեպքում հայոց բառբառի արևահամության գաղափարը այսուհետ կդադարի շատերին զարմացնել:
Մաշտոցյան այբուբենի արեգակնային բնույթի քննությունը սկսենք նրանից, որ Հր. Աճառյանը Մաշտոցյան գրերի թվի մասին պահպանված մատենագրական տեղեկություններից առաջին տեղում հիշատակել է Շնորհալու Վիպասանության հետևյալ ուշագրավ տողերը.
Զաստվագիծ տառս ընկալեալ,
Երիւք տասամբք վերցիւք յանգեալ,
Արեգական ելիւք չափեալ:
Նրա մեկնաբանությամբ <<Հատվածի երկրորդ տողը շատ պարզ է, ներկայացնում է 36 թիվը (3 x 10 + 6), իսկ երրորդ տողը մութ է մնում: Չամչյանը (Ա.755) համարում է իբրև ակնարկություն տարվա 360 օրերի (<<ըստ 36 տասանց աւուրց տարւոյն>>)>>: (3)
Ինչպես տեսնում ենք, նույնիսկ Չամչյանի ակնարկությամբ հանդերձ Աճառյանին մութ է մնացել տոմարական բնույթի <<Արեգական ելիւք չափեալ>> տողը: Մութ է մնացել, որովհետև Ղ. Ալիշանի հիշատակած Հայոց Սրբազան արեգակնային անշարժ տոմարը լեզվաբաններին առայսօր անհասկանալի է մնացել: Չնայած Հր. Աճառյանը հայոց գրերի իր ուսումնասիրությամբ վերջնականապես հաստատեց, որ Մաշտոցյան այբուբենն ուներ 36 գիր, այնուամենայնիվ, նա և նրա հաջորդները այդպես էլ չլուսաբանեցին, թե ինչու հենց 36 գիր և ինչու <<Արեգական ելիւք չափեալ>>:
Այս հասկանալու համար մեզ օգնում է արեգակնային յուրաքանչյուր ամսվա համար 19 սյունակներից կազմված Հովհաննես Իմաստասերի տոմարական աղյուսակներում առկա <<Այբուբեն արեգականն>> և <<Գօտիկք արեգականն>> սյունակների բովանդակությունը: (4)
__________
2. <<Հայոց առեղծվածը>> ուսումնասիրությունում այդ ստուգաբանության օգտին բերել ենք ամենածանրակշիռ փաստերն ու վկայությունները: Տես <<Հայ-Արիներ>> 2006թ., թիվ 1-2-3, էջ 47-60
3. Աճառյան Հր., Հայոց գրերը, Ե., 1984, էջ 474
4. Ա. Գ. Աբրահամյան, Հոհաննես Իմաստասերի մատենագրությունը, Ե. 1986, 160-183
<<Այբուբենք արեգականն>> սյունակում մաշտոցյան այբուբենի 36 տառերը` Ա-ից սկսած, ձմեռնամուտից մինչև ամառնամուտ 180 օր ժամանակահատվածի համար հաջորդաբար զուգադրված են հնգօրյակների հետ (36×5 -180), այսինքն` ամենավերջում Ք-ին համապատասխանում է ամառնամուտին նախորդող վերջին հնգօրյակը: Այնուհետև, սկսած ամառնամուտից մինչև ձմեռնամուտ, այբուբենի տառերը հետադարձ հաջորդականությամբ են զուգադրված համապատասխան հնգօրյակների հետ: Եվ ամենաուշագրավն այն է, որ մեր այբուբենի գրերի թվին համապատասխան <<Գօտիկք արեգականն>> սյունակում տրված են տարվա 36 տասնօրյա գոտիները (36×10-360) սկսած ձմեռնամուտից, այսինքն`արեգական ելիւք չափեալ: Իսկ դա նշանակում է, որ ձեռային արևադարձից հետո ցերեկվա տևողությունը և Արեգակի բարձրությունը զենիթում սկսում են ավելանալ:
<<Այբուբեն արեգականի>> արևադարձային տարվա 36 տասնօրյակների միջև մատենագրությամբ վկայված կապը բացահայտելուց հետո այժմ փորձենք հասկանալ (4×9) ձևաչափով ավանդաբար ներկայացվող մաշտոցյան 36 գրերի տոմարա-աստղաբանական խորհուրդը (տես նկ. 1):
Հարկ է իմանալ, որ մաշտոցյան այբուբենը կենդանի գրերի համակարգ է, այսինքն` յուրաքանչյուր գիր ունի իր մարմինը` գրանշան տառը, շունչը` ձայնանշան հնչյունը և հոգին` թվանշան (տիւանշան) լույսը: Այս կենդանի համակարգը մեր կողմից վերականգնված Հայկայ Սրբազան Տոմարի(5) հիմքում դրված լուսեղեն Կենաց ծառի (Ծիրանի ծառի) աստվածապաշտական համակարգն է, որի կառույցում այբուբեն արեգականի 36 գրերը պատկերավոր ներկայացված են նկ. 2, 3 և 4-ում:
Պարզության համար նշենք, որ նկ. 1-ում բերված այբուբենի (36- 4 x 9 ) դասավորությունն ունի բազմաթիվ խորհուրդներ: Առաջին սյունակի գրերը (Ա,Բ,Գ,Դ,Ե,Զ,Է,Ը,Թ) կոչվում են հրային, երկրորդ սյունակի գրերը (Ժ,Ի,Լ,Խ,Ծ,Կ,Հ,Ձ,Ղ)` օդային, երրորդ սյունակինը (Ճ,Մ,Յ,ՆՇ,Ո,Չ,Պ,Ջ)` ջրային և վերջին սյունակինը (Ռ,Ս,Վ,Տ,Ր,Ց,Ւ,Փ,Ք)` հողային: Թվային համակարգում առաջին սյունակը միավորներն են (1-9), երկրորդը` տասնավորբերը (10-90), երրորդը` հարյուրավորները (100-900) և չորրորդը` հազարավորները (1000-9000):
__________
5. Տես Սերգել Սիմոնյան, Հայկական և իրանական հին հավատքը, Փարսիան, 9, 2010, Մարտ, էջ 32-39

Նկ. 3-ում` ի տարբերություն նկ 2-ի, այբուբենի տառերը կենդանակերպի նշանում շարված են ոչ թե հաջորդաբար, այլ Հուր ( ), Օդ ( ), Ջուր ( ) և Հող ( ) տարրերին համապատասխան:
Նկ. 2-ից և նկ. 3-ից երևում է, որ մեր այբուբենի առաջին տառը համապատասխանում է Հայկյան արեգակնային օրացույցի Արեգ ամսվա Արեգ օրով սկսվող Խոյ կենդանակերպի առաջին տասնօրյակին: Այդ կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ Վ. Սարգսյանը հայոց գրերի ներքին վերականգնման միջոցով պարզել է, որ <<Հայոց այբուբենի առաջին տառի անվանումը այբ (սեռ. այբի) հնչյունական առումով ընկած է արփի և էփ կազմությունների միջև` արփի > * այփի > էփ, մյուս կողմից կարող է ուղղակիորեն գալ արեւ-ից` արեւ>*այւ>այբ հնչյունափոխությամբ: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է. Հայոց այբուբենի առաջին տառի այբ անվանումը պատկանում է արեւ, արեգակ, արփի, այգ հնչյունական-իմաստային խմբին, ուստի, ամենայն հավանականությամբ, արտահայտել է <<արև>> նշանակումը, այսինքն` հայերն իրենց այբուբենի առաջին տառը կոչել են արևի անունով>>(6):

____________
6. Վ. Սարգսյան, Հայոց գրերի ծագումը, Ե., 1999, էջ 70-71
Հետաքրքիր է նշել, որ այբուբենի 36 գրերից յուրաքանչյուրին առջևից և ետևի ԱՐ կենսակերտ արմատը ավելացնելով ստանում ենք արևային բնույթ ունեցող նոր բառեր: Այս առնչությամբ տեղին է հիշատակել կաբալիստ-արևելագետներից Ամբրոջիո Թեզոի հիմնավոր տեսակետը, որ փյունիկյան-եբրայական տիպի բոլոր այբուբենների համար բանալի է հանդիսանում հայերենն իր այբուբենով(7): Այդ տեսակի օգտին է խոսում նաև նկ.4-ում մեր կողմից բացահայտված և Կենաց ծառի միջոցով կաբալիստական 4 աշխարհների համար ներկայաված հայոց Այբուբեն արեգականը:
Մեր այբուբենը ոչ պատահականորեն 36 տառերից բաղկացած լինելուն շատ հետաքրքիր մեկնություններ են տվել միջնադարի քերականներ Առաքել Սյունեցին և Դավիթ Զեյթունցին: Վերջինս նշելով, որ 6 թիվը կատարյալ է, 12-ը` (2×6) գերակատար, իսկ 36-ը` (3×12) <<երիս գերակատարս>>, նաև նշել է. <<վեց անգամ վեց է, որ է կատարելութեամբ կատարեալ եւ ունի եւս բազում խորհուրդ>>(8): Այդ բազում խորհուրդներից կարևորագույնը կապված է նկ. 6-ում պատկերված հին իմաստնությունից հայտնի Արեգակի մոգական քառակուսու հետ: Նկ. 5-ում (6×6) ձևաչափով ներկայացված է մեր այբուբենի 36 տառերը իրենց հերթական համարներով: Այդ երկու աղյուսակների համապատասխան վանդակների թվանշան տառերի համեմատությունից մեզ հաջողվեց բացահայտել, որ քառակուսիների անկյունագծերով դասավորված այբուբենի տառերը երկու պատկերներում համընկնում են իրար հետ: Սա ևս մի ակնառու ապացույց է, որ մաշտոցյան գրահամակարգը արեգակնային այբուբեն է:

____________

7. Վիրջիլ Ստրոհմայեր, Հայերենը` ըստ կոբալիստ-արևելագետներ Թեզեի Ամբրոջիոյի, Գիոմ Պոստելի և Ֆրանչեսկո Ռիվոլայի: <<Իրան Նամէ>>, 1995, թիվ 1 (16-17), էջ 30-31
8. Դաւիթ Զեյթունցի, Մեկնութիւն քերականի, Ե., 1981, էջ 79

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: