Թումանյան Հովհաննես՝ ՀԱՅԻ ՈԳԻՆ

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով: Էդպես են և մարդկային ցեղերը: Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի զոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան: Էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով:
Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից: Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը:
Էսքան փորձություն ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը: Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը:
Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կոսակցությանն են կամ լրագրինը: Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը:
Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցին. և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե որն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին: Եվ ուր որոնենք էդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաղահանգիստ հովիտներում, ուր «Լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «Վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ: Եվ ի՛նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…
Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: