ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա -ժողովուրդները իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, ևս առավել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՛րքան դերասաններ ունի…
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանամ է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու…
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:
Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում…
«Ժողովուրդը մեզ հետ է… ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»:
Այդ հերիք չէ դեռ: ժողովուրդն էլ են կեղծում:
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
— Տեսե՛ք, ժողովուրդը մեզ հետ է:
Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: Եվ ո՞վ պիտր ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը…
Կեղծի՛ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:
Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես…
Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա:
Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ:
Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը:

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ
Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով: Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տալ խեղճ ու ողորմելի: Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը:
Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանդը և… մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառամ, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբում էր, թե սոված էր, իհարկե, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեռավ…
Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»… այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին…

Ընչի նման է այս. այս խեղճ ու անճարակ աղմուկը, որ ամեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրա — այսքան սուտ և այսքան տգեղ ու վիրավորական միանգամայն:
Ես ճանաչում եմ գրեթե բոլոր հայ գրողներին: Նրանք ընդհանրապես, ոչ թե մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում: Այո՛, նեղություններ են քաշում:
Բայց ո՞վ չի նեղության քաշում իր մսանավոր կյանքում: Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կա այստեղ:
Ահա և Պռոշյանցը: Մեռավ: Ո՞վ է ասում, թե նա քաղցած էր կամ մերկ: Ով որ էլ լինի — սուտ է ասում: Իսկ թե եղել է այս կամ այն պաշտոնին — ինչ կա արտասվելի: Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին, մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել և տեսել է օգուտ չի անում, թողել է: Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր: Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որևէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում: Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք: Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ և՛ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, և՛ թոշակ ուներ, և՛ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց: Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած: Ո՜չ, միայն մի ձեռնարկություն սխալ ու ձախորդ:
Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները: Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել: Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է — ի միջի այլոց:
Այս արդեն ուրիշ խնդիր է: Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար: Եթե սրանից եք խոսում — խոսեցեք: Գրողի ու նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրավորական բան չկա: Ընդհակառակը. մենք գնահատում ենք գրողի տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք: Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր ժողովրդի համար: Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ բժիշկ լինի, լավ ինժեներ, լավ ուսուցիչ:
Սրանից եք խոսում — խոսեցեք: Չեք արել, ցավո՞ւմ եք — ցավեցեք: Չե՞ք ցավում — այդ էլ ձեր բանն է:
Բայց վեր կենալ, մարդու դագաղի վրա — էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան…
Ամո՜թ է վերջապես:
Չեք կարողանում գրականություն ու գրող պահել այդ հերիք չէ, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են:

Հովհաննես Թումանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: